Չէ՛, վերջնականապես այս իշխանություններից ազատվել է պետք, լավ չեն աշխատում, ոչ միայն լավ չեն աշխատում, այլ շատ վատ:
Այ՛ իշխանություններ, ամեն ընտանիքին մի փորձված մանկավարժ կցեք, ծնողների փոխարեն դաստիարակի երեխաներին, մեր հասարակությունը կհամալրվի լիարժեք, դաստիարակված քաղաքացիներով: Վատ չեր լինի, որ նրանք դաստիարակեին նաեւ ծնողներին...
Պատկերացնում ե՞ք, ինչ լավ, կազմակերպված երթեւեկություն կունենանք, եթե ամեն հետիոտնի, վարորդի կցենք ճանապարհային ոստիկան, որպեսզի չթողնի խախտեն, իսկ խախտողին անմիջապես տեղում կտուգանի:
Բա գողերը՞, խուլիգանները՞, թմրամոլները՞: Դժվար է՞ հասկանալ, որ ամեն մեկին մի ոստիկան է պետք կցել, արեք էլի, տեսեք էլ հանցագործությու՞ն կլինի: Թե չէ հույսներդ դրել եք, որ քաղաքացիները, հասարակությունն էլ կօգնեն ձեզ:
Երեւանը նյույորքների, փարիզների, մոսկվաների նման մեծ քաղաք չի, ընդամենը մեկ միլիոն բնակիչ ունի: Պատկերացնում ե՞ք քաղաքը ինչքան մաքուր կլինի, եթե ամեն մեկին մի հավաքարար, մի աղբահավաք մեքենա կցենք: Քաղաքացիները հանգիստ կկեղտոտեն՝ ծխախոտի մնացուկները, շշերը, մնացած աղբը չեն տանջվի գցեն մի քանի մետր հեռավորության վրա գտնվող աղբամանը, հանգիստ կկեղտոտեն, աղբը կգցեն ուր պատահի, իսկ նրանք էլ անմիջապես կմաքրեն ու պրոբլեմը կլուծվի: Ժողովրդի, երեւանցու մասին մտածել է պետք, մտածել...
Մի բան էլ հուշեմ իշխանություններին: Շատ լավ կլինի ամեն բժշկի, համատիրության աշխատողի, դասատուի, , դասախոսի, տո՛ բոլորի վրա մի վերակացու դնենք, անմիջապես նրանց մոտ կարթնանա մարդասիրական զգացումներ, մասնագիտական, քաղաքացիական պարտքի զգացում:Տեսեք ինչ գիտակից, զարգացած, խելացի, մարդասեր, քաղաքավարի, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ քաղաքացիներ ու հասարակություն կունենանք: Թե չէ հույսը դրել եք, որ յուրաքանչյուրը որպես մարդ, որպես քաղաքացի, որպես մասնագետ գիտակցի այդ ամենը, բա մեղք չե՞ն նրանք, բա իշխանությունները ո՞ր օրվա համար են:
Է՜ իշխանություններ, իշխանություններ, խելքներիդ չի հասնու՞մ, սովորեք...

Հ.Գ. Հա՛, չմոռանաք ոստիկաններին էլ հսկել, անպայմա՛ն:
Ինչ լավ է հիշեցի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել