Ես չեմ բացառում, որ Երեւանի ցանկացած վայրում, այդ թվում` Հանրապետության հրապարակում հնարավոր է իմաստավորված, խորհրդանշական ու ճարտարապետական ճիշտ լուծումներով որեէ կառույց կամ հուշարձան տեղադրելը: Սակայն ի նկատի ունենալով վերջին շրջանում Հանրապետության հրապարակի հանդեպ որոշ ճարտարապետների հարաճուն ուշադրությունը, Կառավարության շենքի «լրացման» կամ Լենինի նախկին արձանի վայրում քննարկվող առաջարկները (որոնց վերաբերյալ զերծ կմնամ դիլետանտական կարծիքս հայտնելուց ու կլսեմ մասնագիտական շրջանակներին). այդուհանդերձ կասեմ հետեւյալը. Երեւանում ու այլուր բազմաթիվ են վայրերը, որտեղ կարող եք փորձարկել ու տեղադրել ձեր ճարտարապետական մտքի գոհարները: Բայց չգիտես ինչու, անբացատրելի համառությամբ, ուզում եք, որ այդ վայրը լինի Հանրապետության հրապարակը` թամանյանական կառույցների հարեւանությամբ: Եթե ձեր գործերը իսկապես ճարտարապետական գոհարներ են, ապա դրանք ցանկացած վայրում էլ կնվաճեն մարդկանց սրտերն ու հոգիները: Այլապես տպավորուրթյուն է, թե ուզում եք պատմության մեջ մտնել ու մնալ Ալեքսանդր Թամանյանին կպած` նրա կոթողներին պարտադրվող ձեր կցակառույցներով: Պատմության գնացքի ձեր վագոնչիկը նստեք ու ձեր տոմսով, այլ ոչ թե Վարպետի հաշվին: Թամանյանին լրացնելու համար էլ պետք է վաստակել դրա իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել