Նոր շեֆս փոքրամարմին, արագաշարժ, կենտրոնախույս գնդակի նման միաժամանակ մի քանի տեղում գտնվող տղամարդ է: Երևի 55-ին մոտ: Նախորդն էլ էր այս մեկի նման, բայց նա 32 տարեկան էր՝ դրանից բխող լավագույն հետևանքներով:Ճ
Սա հենց առաջին օրն ինձ տեղյակ պահեց, որ իր «երիտասարդ կինն» էլ է մեր բաժնում աշխատում: Հետքրքրությունը խեղդեց ինձ ու հարցրի.
-Ինչքա՞ն երիտասարդ:
-25 տարեկան, սիրում է ինձ:
Տպավորված էի:
Այսօր այդ 25 տարեկան կինը եկավ մեր աշխատասենյակ: Նայում եմ՝ սիրուն, գյուղացու աղջիկ է, կյանքը մեջը եռում է: Մի անգամ էլ զարմացա: Ախր այս նոր շեֆս գծուծ մեռնում է, դեռ ոչ մի տեղ չէր եղել, որ քսերոքսի թղթի երկու երեսն էլ օգտագործեինք, բայց սա քիչ է մնում թղթի կապի միջի էջերը հաշվի:
Կինը.
-Հիվանդանոցում հերթս մի շաբաթով առաջ են գցել, շնորհակալություն պիտի հայտնեմ առաջ գցող բուժքրոջը:
- Գնա բակից մի քիչ խաղող քաղի, տար տուր...
-Խաղողն իր ինչի՞ն է պետք, տուշ եմ ուզում առնել:
-Բայց տուշն իրեն պե՞տք է: Քեզ ասի՝ խաղող տար...
Մնացած խոսակցությունը կաբինետից դուրս շարունակեցին: Հիմա նստած մտածում եմ. տեսնես ինչի՞ համար է էդ սիրունատես, 25- ամյա աղջիկը սիրում էս ժլատ, արտաքին ոչ մի բարեմասնությամբ աչքի չընկնող, տարիքով տղամարդուն:
Տղամարդի՛կ, ինչ լինում եք՝ եղեք, միայն ժլատ չլինեք: Ժլատությունն այնքան է նսեմացնում տղամարդուն, որ մնացած արժանիքներն էլ արդեն չեն երևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: