«Տեղեկատվական պատերազմների» թեման դեռ վերջերս գերմոդայիկ էր, հիմա էլ են բավականին տարածված այդ թեմայով խոսակցությունները։ Մյուս կողմից, հատուկենտ (7-8 հոգի) մարդկանց եմ ճանաչում, որոնք լրջորեն հետևում են տարածաշրջանային հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական գործողություններին։ Եւ սա այն դեպքում, որ այս իրադարձությունները կամ մեր հետ անմիջական կապ ունեն, կամ էլ մեծ հավանականությամբ կապ կունենան մոտ ապագայում։ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Սիրիա, արևմտյան երկրներ, միջազգային կազմակերպություններ՝ բոլորն աշխուժորեն մասնակցում են հոգեբանական-տեղեկատվական գործողություններին։ Ու նայելով մեր լրագրողներին, փորձագետներին, ուսանողներին՝ չեմ նկատում որևէ հետաքրքրություն տեղեկատվական դաշտում այս շատ կարևոր զարգացումների ու իրադարձությունների հանդեպ։
Ինչևէ, որոշել եմ սկսել կոնկրետ օրինակների վերլուծություն, գուցե ինչ-որ մեկին հետաքրքիր լինի...
* * *
Լուսանկար, որ հազար բառ արժե. Թուրքիան խախտում է Ժնևյան կոնվենցիան, Իրանը՝ սիրուն ձևով թեման թեժացնում
Վերջին օրերին լուր տարածվեց, որ Թուրքիայի տարածքից շտապ օգնության մեքենաներով զենք և զինամթերք է տեղափոխվում սիրիական խռովարարաներին, ինչը պատերազմի օրենքների կոպիտ խախտում է։ Օգոստոսի յոթին իրանական Presstv.ir կայքն այդ լուրը հրապարակեց՝ պատկերազարդելով շտապ օգնության մեքենայի ու զինյալների լուսանկարով (+ screenshot) ու մանր տառերով ստորագրելով, որ նկարում պատկերված է, ինչպես են Հալեպում խռովարարներն իրենց վիրավոր զինակցին տեղադրում շտապ օգնության ավտոմեքենայում («Syrian insurgents load a wounded person into an ambulance during clashes with government forces in Aleppo on August 7, 2012»)։
Շատ արագ այս լուրը՝ նույն նկարով, բայց արդեն առանց բացատրության (համոզված եմ, Արևմուտքում ընթերցողների մեծ մասը չգիտի էլ, որ Հալեպը Թուրքիայում չէ, այնպես որ բացատրությունն էլ այստեղ բան չէր փոխի), տարածվեց սոցցանցերով ու նաև թեպետ «Ճ-կլասի», բայց այնուամենայնիվ բավականին շատ ընթերցողներ ունեցող բլոգա-լրատվական կայքերով (օրինակ + screenshot)։
Թուրքական մամուլում այդ լուրը պատկերազարդված է լրիվ այլ լուսանկարով (գուցե և լուրի հետ կապ ունեցող, բայց ոչ այդքան աշխույժ ու «խոսող»)։
Փորձենք հասկանալ, թե իրանացիներն ինչ արեցին.
- նախ, «մեջքները պաշտպանեցին». եթե որևէ մեկը մեղադրի իրենց, որ սխալ նկար են դրել, կասեն, որ տակը հստակ գրել էին, թե ինչ է պատկերված նկարում;
- ընտրեցին աշխույժ, դինամիկ (կինոյի պես նայվող) լուսանկար՝ հաշվի առնելով, որ ընթերցողների մեծ մասը չի խորանալու նույնիսկ ստորագրությունը կարդա, կամ կարդալիս չի հասկանալու;
- այսպիսով տեղեկությունը դարձրին «վիրուսային»՝ ինքնատարածվող։
Ի դեպ, խոսքս այն մասին չէ, թե լուրը կեղծ է. ամենայն հավանականությամբ այն ճշմարիտ է, քանի որ հենց թուրքական աղբյուրներն են այդ մասին հայտնում՝ հղում անելով սահման այցելած թուրք պատգամավորի վրա։ Հարցը պարսիկների «նուրբ տյունինգն» է, որի շնորհիվ լուրը շատ ավելի լավ է տարածվել, քան եթե լուսանկարը չավելացվեր։
Հարց է առաջանում, ինչպե՞ս չխաբվել նման դեպքերում։
- Ամենակարևորը՝ ուշադիր լիներ ու պատկերացում ունենալ տեղեկատվության կոնտեքստից։ Ուշադիր ընթերցողն անպայման կկարդար նկարի ստորագրությունը ու կհասկանար, որ նկարը լուրի հետ կապ չունի։
- Նույնիսկ եթե ստորագրություն չկա, ուշադիր ընթերցողը կարող էր նկատել, որ գրածներն արաբերեն են, իսկ Թուրքիայում լատինական այբուբեն է (ճիշտ է, այս դեպքում էլ հնարավոր է, որ լուսանկարն արված է արդեն Սիրիայի տարածքում, բայց այդ դեպքում պարզ չէ, թե ինչու չի երևում նշված զենք-զինամթերքը)։
- Ամենահեշտ ու արդյունավետ ձևը՝ նկարը Գուգլով ստուգելն է և, եթե այն հանդիպում է հեղինակավոր կայքերում, ապա ճշտելն է, թե ինչ է գրած այդ նկարի մասին։ Օրինակ՝ «Գարդիանի» կայքում շատ մանրամասն նկարագրություն է. նշված է ոչ միայն քաղաքը, այլև թաղամասը, նաև հեղինակի անունը, լուսնկարի տարածման իրավունքների տերերի անունները։