…Ես ուղարկված եմ սուսերով:Իմ վարդապետության քարոզիչները ոչ փաստերի 
թող դիմեն ոչ համոզման,այլ սրով կոտորեն այն մարդկանց, ովքեր չեն հնազանդվի
Իսլամի օրենքներին: Ճշմարիտ հավատի համար մարտնչողը թե հաղթելու
և թե սպանելու դեպքում փառավոր վարձատրություն կստանա:
Սուրը երկնքի բանալին է
«Ղուրան»-ից
Սպանել սովորիր 

1990 թվական
Դաշտային պայմաններում բոլոր ուղեկալի պետերի այսպես կոչված կաբինետները նույնատիպ են:
Փոքր,կոկիկ,հատակը մոծակների դեմ դիզելային յուղով լվացած:
Գարիկը՝մայոր Ղուկասյանը,տեղավորվեց կիսաքանդ բազկաթոռի մեջ:
- Զինվո՜ր:
Ներս մտավ կարճափող ինքնաձիգը ուսից կախած մի զինվոր:
- Արթիկցի Լյովին ասա գա:
- Լսու՜մ եմ:
«Գժվացրին սրանք,հենց ոտս քաշում եմ մի բան անում են,փորձանք են ա~յ մարդ»:
Ներս մտավ կապտչյա մի զինվոր:
- Պարոն…
- Էդ «Բելառուս»-ը որտեղի՞ց է հայտնվել ուղեկալում:
Շատ լավ գիտեր որ, Արթիկցի Լյով մականունով զինվորը՝ Լևոն Մուրադյանը,մի քանի գյուղ այն կողմ,թուրքի մի գյուղում այգիների մեջ հայտնաբերել էր մի տրակտոր,օրերով վերանորոգել իր ուժերով ու քշել բերել ուղեկալ:
Ուղեկալի միակ ենթասպան իրեն արդեն զեկուցել էր:
- Ասի տղերքը մեղք են ձեռով են փորում,ես էլ տրակտորով կքանդեմ:
Հեսա կովշն էլ դնեմ կլնի թամամ:
- Արա՜,փոխանակ տանկ գողանաք,տրակտոր եք գողանու՞մ:Լավ գնա:Ուղեկալից ռադ արա,պատի էն կողմը կանգնեցրու:
- Մայոր ջամ, մի բան ասեմ,մի երկու հարյուր մետր այն կողմ մի քանդած մատուռ կա,հայկական է,մի քիչ սարքենք,երկու ռելսի կտոր կախենք,թելով կապենք կլինի զանգ,էդ էլ թող մեր եկեղեցին լինի:
- Պապադ տերտե՞ր ա:
- Չէ՜,մեր գյուղում տրակտորիստ:
- Գնա՜, աչքիս չերևաս:

* * *
1090 թվական
…Սյունիքի երկրորդ հոգևոր դպրոցի՝ Վահանավանքի հիմնադրումից անցել էր ինը տասնամյակ,բայց բարեփոխիչները շարունակում գեղեցկացնում էին նոր կառույցներով:
Կամարների կառուցմանը մասնակցում էին սրբակրոն եկեղեցականներն ու քրձական աշակերտները:
Սենեքերիմ արքան դիտում էր այդ ամենը, տապակվում չոր,խառնիխուռն մտքերի մեջ:
Մի պահ պատկերացրեց հանկարծահաս ոսոխին ու փլատակների վերածված վանքերն ու հոյակերտ բերդերը:
Հետո նայելով Շահանդուխտ թագուհուն՝ ամաչեց իր մտքերի համար:
Ծանր ու թեթև արեց ժամանակի կշռաքարերը ու նախազգացումով տեսավ անխուսափելի ճակատամարտը:
Սելջուկյան ցեղերը համախմբված էին Սունջուկի Շերիֆ դրոշի ներքո:
Կապրի նա՝ով ուժեղ է:

* * *
1990 թվական
Երկաթի ձայնը արծաթաձայն չէր,բայց իր խորհրդավորությամբ նման էր եկեղեցական զանգերին:
«Զանգը» խփում էր միշտ առավոտյան և երեկոյան նույն ժամերին:
Եվ առավոտյան և երեկոյան զանգերից հետո լսվում էին օրվա հերթապահի սովորական դարձած ընդհանուր հրամանները:
Երեկո էր:
- Ուղեկալ,շարվիր ընթրիքի:
Ուղեկալի շենքի ետևի կողմից բակում, նստած են սպաներ,զինվորներ:
- Այսօր ի՞նչ ես եփել,Համո:
- Կրիայից ապուր է,պարոն մայոր,սովորել ենք արդեն:
- Ոչինչ,մթերքն երկու օրից կլինի:
Սեղանին,որն արևից պաշտպանված էր պաղպաղակ վաճառողների մեծ հովանոցով,մոտեցավ հետախույզ Արթուրը:
- Գարիկ, դռան մոտ մի գնդապետ է,կատաղեց երբ զինվորը ներս չթողեց,քեզ է ուզում:
Մի քիչ հարբած է:
- Է~,էլի հարամվեց ճաշս…
Հեռվից տեսավ,անգլխադիր գնդապետին:Ծխում էր:
- Արի արի մայոր,ես ի՞նչ բերդ ես սարքել,մտնել չի լինում,բարև,-մեկնեց ձեռքը:
- Բարև,դե կարգ է մեզ մոտ այդպես է ընդունված:
Սեղմեց ձեռքը:Օղու հոտ էր գալիս բերանից:
Քիչ հեռու կեղապակիների փոխարեն զոդված երկաթյա ճաղերով մի «Գազել» էր կանգնած:
Մեքենայից իջան մի կապիտան ու մոտ 10-12 տարեկան տղա,նման գնդապետին:
- Կարո՞ղ ենք ներս գալ:Համ կարգին կծանոթանանք,մի մի բաժակ կխմենք իրար հետ,համ էլ գործ կա:
- Իհարկե համեցեք:Ձեր տղան է՞:
- Դե լավ, դու-ով խոսիր,ի՞նչ ես ընկել….այո տղաս է,հերոս է,-ծիծաղեց:
- Վարդան,մեքենայից չիջնես,-բղավեց «Գազելի» վարորդին,որը գլխով արեց:
Մոտեցան սեղանին:
- Կրիայից ճաշով կարող ենք հյուրասիրել,ուրիշ բան չկա:Մի երկու օրից կբերեն:
- Բա խի՞ չես ասում,օգնենք,ես Ղափանի բրիգադից եմ,մի երկու կիլոմետրի վրա,երբ կապնվես, ինչ ուզես կուղարկեմ,բա տենց հարևանություն են անու՞մ:
Հյուր կապիտանը գրպանից հանեց օղու շիշը:
- Համո,բաժակներ էլ բեր:
Մայորին դուր չեկավ,բայց դե չցանկացավ խախտել դրությունը:
Զինվորները կամաց կամաց հեռանում էին ընթրելուց հետո:
- Ուրեմն մայոր ջան,բաժակը բարձրացրեց գնդապետը,- այս տեղանքից ինձ օպերատիվ անհրաժեշտ է Արաքսի խորությունը,օրը երկու անգամ,ես գիտեմ որ ուրիշ գնդերին հաղորդում եք,սա էլ մեր հաճախությունները՝ ռադիոհաղորդման համար: Մինչև ուղարկեմ կենտրոն մինչև գա,ուշ կլինի,հարևանաբար ինձ էլ հաղորդիր, լա՞վ:
Հենց Արաքսի ջուրն իջեցնում են,շան ծնունդներն անցնում են այս կողմ,այսօր էլ երկու հոգու բռնեցինք:
- Շատ լավ,հիմա կփոխանցեմ կապավորիս,ես գիտեմ դրա մասին:
Խմեցին:
Հետո էլի~,էլի~:
- Ուրեմն ճակատի հետ գործ չունեք հա՞,Գարիկ ջան:Բա որ գնաս տուն, էրեխեքդ հարցնեն քանի թուրք ես սպանել ի՞նչ ես ասելու:Խաբելու ե՞ս:
Սրանք էլ քո նմա՞ն,-ձեռքով ցույց տվեց սեղանի շուրջ նստած սահմանապահ սպաներին:
Շուռ եկավ դեպի կապիտանը:
- Գնա դրանց բեր,թող իմ նվերը լինի:
Կապիտանը դուրս եկավ:Քիչ հետո վերադարձավ ձեռքները կապած երկու ազեր զինվորների հետ:
Կապիտանը ոտքի հարվածներով նրանց կանգնեցրեց քիչ հեռու՝ նոր զուգարանի համար փորված փոսի մոտ:Պարանով կապեց կիսախարխուլ ցանկապատից:
- Ձեզ նվեր, տղերք ջան,սատկացրեք:
Մայորը,ինչպես նաև մնացած սպաները զարմացած նայում էին հարբած գնդապետին:
- Անզեն մարդու վրա կրակե՞նք:
- Ես եմ զինաթափել,ի՞նչ անզեն,դու որ իրեց ձեռքն ընկնեի~ր…
- Ավելի լավ չէ՞,Մայիս ջան,-մայորը դիմեց գնդապետին,- հանձնիր,կփոխանակեն մեր գերիների հետ:Մենք չենք կարող:
Մայորը նայեց մյուս սպաներին:Մյուսները գլուխները կախել էին:
- Ռազմիկ, արի այստեղ,- գնդապետը իր տղային էր կանչում:
Տղան մոտեցավ:
- Առ,սատկացրու էս շներին,- ատրճանակը դրեց տղայի ձեռքը:
Տղան ձեռքն իջեցրեց:
Հայրը կատաղեց:
- Քեզ կսպանեմ, որ դրանց չկրակես հասկացա՞ր,դու իմ տղան չե՞ս:
Տղայի շալվարը վախից թրջվեց,լաց էր լինում:
Զինվորները մոտեցել հեռվից նայում էին:
- Լավ,Մայիս,վերջացրու,հանգստացիր,չե՞ս տեսնում տղայի վիճակը:
Թուրք զինվորները անհասկանալի հայացքով նայում էին ու չէր հասկացվում,վախն էր չոքել նրանց ուղեղում, թե շրջապատի անորոշությունը:
- Արա, դու՞ք եք սրանց դեմ առնելու,ձեր հայ ասողի…
Գնդապետը մի քանի քայլ մոտեցավ գերիներին:
- Լրբի ծնունդներ,չոքեք, այսօր ձեր աստվածը ես եմ,խնդրեք բաց կթողնեմ,- ռուսերենով դիմեց արդեն մի քիչ հանգստացած գնդապետը:
Գերիներից մեկը չոքեց:
Ինչ որ բան էր ասում իր լեզվով գլուխն անընդհատ խփելով գետնին:
Մյուսը կանգնած էր ու վայրի գազանի գայլ աչքերով մեկ նայում էր դեռ լաց լինող տղային,մեկ գնդապետին:
Հետո արհամարական ժպիտով նայեց մայորի կողմն ու թքեց գետնին:
- Գնա ազատ ես,- չոքած գերուն դիմեց գնդապետն ու ցույց տվեց ցանկապատի վրա բացված տեղը՝ դեպի Արաքս գետ տանող արահետը:Կապիտանը պարանն անջատեց ցանկապատից:
Գերին վեր թռավ ու վազեց դեպի գնդապետի ցույց տված ուղղությամբ:
Գնդապետը մոտեցավ,իր տղայի ձեռքից խլեց ատրճանակն ու նշան բռնեց վազող գերուն,որն անընդհատ ետ ետ էր նայում համոզվելու, որ ազատ է:
Կրակոցը հնչելու պահին տղան կախվեց հոր ձեռքից:
- Պապ,խնդրու~մ եմ:
Գնդակը գերուն տապալեց:
Բոլորը,բացի մյուս գերուց, շունչները պահած նայում էին հեռվում գետնին ընկած գերուն:
Գերին բարձրացավ,աջ ուսն արյունոտ էր,շարունակեց վազել դեպի փրկությունը՝դեպի Արաքս գետ:
Անսպասելիությունից թե կրակոցից կարծես խլացած չլսեցին տրակտորի շարժիչի հռնդյունը:
Մյուս ազեր զինվորը,որը գնդակից չէր վախեցել,սարսափահար նայում էր դեպի ուղեկալ մտնող երկաթե հրեշին:

* * *
1090 թվական
-…Եթե վաղը սելջուկն այս հոյակապ կառույցն ավերի,քո վանականներից ոչ մեկի ձեռքը չի մեկնի զենքի,թեկուզ իր անձը պաշտպանելու համար:
- Աստված իմ,ինչեր ես խոսում,արքա:
- Ուզում ես հաստատեմ իմ ասածների ճշմարտությունը,Բաղաց եպիսկոպոս,մոտենանք շինարարներին:
Արքան մոտեցավ մի վանական աշակերտի,որը Կտակարանը սեղմած կրծքին հիացմունքով դիտում էր վանքի նոր կառուցվող կամարը:
- Եթե վաղը սելջուկը հարձակվի վանքի վրա ու հրի մատնի մեր բոլոր կտակարանները,դու ի՞նչ կանես:
- Ես նրան կանիծեմ,-երկար մտածելուց հետո պատասխանեց աշակերտը:
- Ի՞սկ եթե սուր քաշի քո վրա…
- Աստված կօգնի ինձ:
- Միամիտ գառնուկ,-ասաց արքան ու մոտեցավ որմնդիր աշակերտին:
- Եթե վաղը սելջուկը հարձակվի ու քո աչքի առաջ ավերի այս գեղեցիկ կամարները,դու ի՞նչ կանես:
- Ես այս որձաքարով կջախջախեմ իմ պատիվն անարգողի գանգը,արքա:
- Ապրես տղաս,-արքան համբուրեց նրա քրտնած ճակատը,- Գրիգոր եպիսկոպոսն ինձ ասելիք չունի՞…
- Ոչ…

* * *
1990 թվական
Ուշքի եկան այն ժամանակ երբ տրակտորի միջից արթիկցի Լյովը գոռում էր «Հեռու~» ու տրակտորը քշում էր դեպի հավաքվածները:
Փախան տրակտորի դիմացից:
Երկաթե ձին իր վայրի հռնդյունով մոտեցավ ու տակով արեց ազեր գերուն:
Հետո իր ահռելի՝ երկաթյա ձայնով բղավեց - դուք եք սրանց դեմ առնելու՞,ձեր հայ ասողի…
…տեղում պտույտ կատարեց ու սկսեց արնաշաղախ հողը մարմնի մնացած կտորների հետ լցնել նոր սարքվող զուգարանի փոսը:
Երեկո էր:
Վայրի լռության մեջ դեռ լսվում էր տրակտորի աշխատող շարժիչի ձայնը,որը խլացնում էր 
մատուռից եկող զանգի ձայները:

Պատմական մեջբերումները Ս.Ումառյանի «Բաղաբերդ» վեպից են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել