1997թ.-ի ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսը և ապա հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը ոչ միայն ընդդիմության, այլև արդեն իշխանական մի թևի համար առիթ հանդիսացան Տեր-Պետրոսյանին մեղադրելու «Արցախը ծախելու» մեջ: Մեղադրանքի «հիմքը» փոխզիջման գաղափարի արծարծումն էր, ու դրանից հրաժարվելու դեպքում պատերազմի վերսկսման ու շրջափակման պայմաններում Հայաստանի վիճակի վատթարացման անխուսափելիության պնդումը:

Ինչևէ, տեսնենք, թե որքանո՞վ էին այդ գաղափարներն ու պնդումները նորություն ժողովրդի, ընդդիմության, ու առաջին հերթին` իշխանական թևի համար: Մեջբերեմ Տեր-Պետրոսյանի ելույթներից հատվածներ:

«Ես ասացի, որ իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, եւ ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային։ Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին:», 3.09.1990թ.


«...Եթե Ադրբեջանը հանդես գա ռեալ առաջարկություններով, ուր կնշի երաշխիքներն ու իրական փոխզիջման մեխանիզմները, թե՛ մենք, թե՛ ղարաբաղցիները, կարծում եմ, ընդառաջ կգնանք։ Հայաստանը տասնյակ անգամներ է հանդես եկել նման նախաձեռնություններով, սակայն ես հիմա նույնիսկ ձեւականորեն նման իրավունք չունեմ։ Ցանկացած նախաձեռնությամբ պետք է հանդես գա Ղարաբաղը, իսկ մենք նրան գործնականում կպաշտպանենք:», 13.08.1992թ.

«Բանակցությունը տեղի է ունենում փոխզիջում ձեռք բերելու նպատակով:», 11.11.1992թ.

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել, և չեն վերացվել Հայաստանի շրջափակումները, ոչ մի իշխանության, լինի ՀՀՇ-ական, դաշնակցական, թե կոմունիստական, չի հաջողվի քիչ թե շատ բարելավել հանրապետության սոցիալ֊տնտեսական իրավիճակը։ Սա՛ է դրության իրական պատկերը, եւ սնանկ են այլ պատճառների փնտրտուքները։...
...Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԽ-ի խաղաղարար ծրագրի ընդունումն առաջին լուրջ քայլը պետք է համարել խաղաղության հաստատման, արցախահայության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման ու հիմնահարցի փոխզիջումային լուծման ճանապարհին:», 27.05.1993թ.

«...Քանի դեռ չի լուծված արցախյան կնճիռը, Հայաստանի բնականոն զարգացումը հարցական է, եթե չասենք` անհնար։», 21.09.1993թ.

և այլն, և այլն...

Ի դեպ, ինչպես երևում է առաջին մեջբերման ամսաթվից (3.09.1990թ.), Տեր-Պետրոսյանը փոխզիջման գաղափարի մասին խոսել է նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ անկախացած չէր:

Փաստերը ցույց են տալիս, որ թե ժողովուրդը, թե ընդդիմությունը, թե, առավել ևս, իշխանությունը անհնար է ի սկզբանե տեղյակ չլինեին Տեր-Պետրոսյանի գաղափարներին ու պնդումներին: Ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել իր հրաժարականի հայտարարությունում` «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»: Եթե ժողովուրդը մոլորված էր ընդդիմության վարած ամբոխավար, ամբոխահաճո քաղաքականությամբ ու կեղծ-ազգային մաքսիմալիստական գաղափարներով, ապա «հայտնի» իշխանական թևի վարքը բացահայտ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ բացի, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել