«Սպարտակի» երկրպագուները Ստամբուլում կպարզեն Հայաստանի և Արցախի դրոշները. Մոսկվայի «Սպարտակի» մամլո-ծառայության տեղեկացմամբ հաքերները շարունակում են գրոհել ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ռուսական ֆուտբոլային կայքը օգոստոսի 22-ին թուրքական հաքերների կողմից հարձակման էր ենթարկվել: Կայքի գլխավոր էջում տեղադրվել էր Քեմալ Աթաթուրքի նկարը, որի «Սպարտակի» ու «Ֆեներբախչեի» (2:1) միջև կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպման ժամանակ այրել էին ռուս երկրպագուները: «Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ժողովրդից: ՖԻՖԱ-ն այն անտեսում է, մենք հանցագործությունն անպատիժ չենք թողնում»,- գրված է Աթաթուրքի նկարի տակ: «Չնայած ձեռնարկված միջոցներին, գրոհները շարունակվում են,- նշվում է ակումբի հայտարարության մեջ:- Դրա հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել կայքի աշխատանքը»: Ինչ վերաբերում է ձեռնարկված միջոցներին, ապա «Սպարտակի» երկրպագուները մտադիր չեն բավարարել թուրք հաքերների պահանջները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հայկական ինֆորմացիոն կենտրոնը` «Еркрамас»-ը, ներողության փոխարեն «Սպարտակի» երկրպագուները պատասխան խաղին կպարզեն Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև «Թուրքիա, ճանաչի՛ր ցեղասպանությունը» և «Թուրքիա, վերադարձրու՛ հայկական հողերը» գրառումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: