Մեծ Բրիատնիան հանդիսացել է պատմության ընթացքում ամենամեծ տարածք, հետևաբար և ամենաշատ գաղութներ ունեցած պետությունը և գլխավորապես իր գաղութարար գործունեությունն իրականացրել է ծովային ուղիների վերահսկողության մոտեցման կիրառմամբ: Այդպես Բրիտանական կայսրության կազմում ներառվեցին Բահամները, Ջիբրալթարը, Մալթան, Կիպրոսը, Սուեզը, Ադենը, Շրի Լանկան, Սինգապուրը…. Այն ուներ ավելի քան 34 մլն քկմ տարածք բոլոր մայրցամաքներում և նրա ծաղկման գագաթնակետն են համարվում 1930-ականները: Այդ տարիներին էր, որ Բրիտանական Կայրսրության վրա «արեգակը չէր խավարում»:
Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց նաև այստեղ: Թեև Մեծ Բրիտանիան հաղթողների շարքում էր, սակայն հետևանքները սարսափելի էին: Եվրոպան, որը բրիտանական ապրանքների հիմնական շուկան էր, գտնվում էր ԽՍՀՄ և ԱՄՆ ազդեցության ներքո, և ուժերի կենտրոնը տեղափոխվեց դեպի այդ երկրները: Պարզ դարձավ, որ կայսրության օրերը հաշված են: Բրիտանական կառավարությունը որդեգրեց հեռատես քաղաքականություն և նախընտրեց խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխանցել բուրժուական կառավարություններին, մինչդեռ նույն վիճակում հայտնված Ֆրանսիան, Բելգիան և Պորտուգալիան դեռ երկար տարիներ վարում էին պատերազմներ, որոնցում հաջողության չհասան:
Պահպանողական ուժերը երբեմն դիմում էին նաև ռազմական ճանապարհի, սակայն դա արդյունք չտվեց ո´չ Մալայզիայում, ո´չ էլ Սուեզում:
Ապագաղութացման գործընթացը շարունակվում էր մինչև 1980-ականների սկիզբը, իսկ վերջին ակորդն էր Հոնկոնգի վերադարձը Չինաստանին 1997թ.: Այսօր կայսրության կազմում մնացել են միայն 14 տարածքներ և ռազմաբազաներ, որոնց մի մասի պատկանելությունը վիճարկվում է, մասնավորապես՝ Ջիբրալթարը իրենն է համարում Իսպանիան, Ֆոլկլենդյան կղզիները և Հարավային Ջորջիան՝ Արգենտինան, Հնդկական օվկիանոսում Բրիտանական տարածքները՝ Մավրիկիոսը և Սեյշելները, Ակրոտիրին և Դեկելիան՝ Կիպրոսը:
Մեծ Բրիտանիան բուն գաղութացման շրջանի ընթացքում կիրառում էր ֆրանսիական մեթոդը, սակայն դեռ 1884 թվականից սկսեց անցնել ազգերի համագործակցության գաղափարին և հիմնադրվեց Ազգերի Բրիտանական Համագործակցությունը, որի անդամ բոլոր երկրները իրենց միապետ ճանաչեցին Բրիտանիայի միապետին՝ ստանալով կիսանկախ դոմինիոնների կարգավիճակ, որոնց մեծ մասը չներգրավվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկախություն հռչակած մի շարք գաղութներում հռչակվեցին հանրապետություններ, ինչը բացառում էր որևէ տիպի միապետի իշխանության ճանաչումը, համագործակցության անվանումից հանվեց «Բրիտանական» բառը: Այլ կերպ ասած, խնդիրն արմատապես փոխվեց՝ բրիտանական ազդեցությունը տեղափոխվեց առաջին հերթին լեզվամտածողության դաշտ և որպես նպատակ դրվեց անգլերենի և բրիտանական մշակույթի տարածումն ու միջազգայնացումը, ինչը հաջողվեց: Այսօր անգլերենը կրողների թվով երկրորդն է աշխարհում (շուրջ 1.3 միլիարդ) և պաշտոնական է ավելի քան 75 երկրներում:
Բացի այդ, գործունեություն է ծավալում նաև անգլիկան եկեղեցին, որը միտում ունի ազգայինից վերածվելու վերազգայինի և այսօր ունի շուրջ 80 մլն դավանորդ:
Բրիտանական կայսրության կազմում գտնվելու տասնամյակները, իսկ երբեմն անգամ հարյուրամյակները իրենց հետքն են թողել արդեն նախկին գաղութների զարգացման վրա: Հեռանալիս բրիտանացիների անցկացրած պետական սահմանները միշտ չէ, որ համապատասխանում են բնակչության իրական տեղաբաշխմանը: Այստեղից հակամարտություններ Քաշմիրում, Սուդանում, Շրի Լանկայում, Պաղեստինում, Նիգերիայում: Նախկին գաղութներից շատերը փոխառել են բրիտանական պառլամենտարիզմն ու դատական համակարգը, ճարտարապետությունը, մարզաձևերը և ընդհուպ միջև բրիտանական չափման միավորները և ձախակողմյան երթևեկությունը:
Բնական է, որ համագործակցությունը ունի նաև պայմաններ իր անդամ երկրների համար: Դա կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է, ինչպես նաև Բրիտանիայի հետ կապերի առկայությունը:
Ըստ էության, այժմ, բացի տնտեսական ազդեցությունից, բրիտանական մեթոդի շրջանակներում շեշտադրումը կատարված է հումանիտար ծրագրերի, կրթական և մշակութային գործունեության, լեզվի, մտածողության, արժեքների տարածման վրա: Դրա շնորհիվ այդ մեթոդը կոշտ հակազդեցություն համեմատաբար քիչ է առաջացնում: Թեև դժգոհներ էլ կան՝ Գամբիան և Զիմբաբվեն բացեիբաց հայտարարում են, որ համագործակցության անդամ այն երկրները, որտեղ գերակշռում է սպիտակ բնակչությունը, խտրական քաղաքականություն են կիրառում սևամորթ բնակչությամբ երկրների նկատմամբ:
Այսպիսով, կարելի է արձանագրել մի յուրատեսակ փաստ՝ գաղութացման ուղի, և հնարավոր է՝ ավելի արդյունավետ ուղի է նաև լեզվամշակութայինը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1460965077502765&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել