Հարց

Հարգելի բժիշկ, մենք ամուսնացած ենք մոտ 2 տարի, արդեն ունենք 10 ամսեկան բալիկ: Նկատել եմ, որ ամուսինս շատ հաժախ գիշերային ժամերին մենակ նստում է և դիտում պոռնո վիդեոներ: Սեռական ակտ մեզ մոտ լինում է ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Ես նրան չեմ մերժում, կարծում եմ երեխան էլ պատճառ չէ: Մեր ամուսնական կյանքի հենց սկզբից էլ շատ հաճախ չի եղել սեռական ակտ: Նշեմ, որ ես 30 տարեկան եմ, ամուսինս 35: Ինչ եք կարծում նշածս անհանգստության տեղիք տալիս է բժշկական տեսանկյունից? Եթե այո, ինչ կարելի է անել: Կանխավ շնորհակալ եմ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր դիտելը հնարավոր է առաջացնի որոշակի պաթոլոգիկ կախյալություն, և նաև պատճառ հանդիսանա ամուսնական սեռական կյանքից հրաժարվելուն (հաճախ ֆիլմերում տեսնում են ոչ իրական երևույթներ): Սեռական հարաբերությունների հաճախությունը մեծապես պայմանավորված է անհատի սեռական կոնստիտուցիայի տիպից, այն լինում է թույլ, միջին և ուժեղ տիպերի և միջին սեռական կոնստիտուցիայի պարագայում, երբ առկա է ամուսնական սեռական կյանք, շաբաթական 3-4 հարաբերությունը համարվում է նորմա: Հնարավոր են նաև մի շարք այլ հոգեբանական ( ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներ) և մարմնական (սոմատիկ՝ հորմոնալ,սեռական օրգանների տարբեր հիվանդություններով պայմանավորված) բացասական գործոններ, որոնք կարող են ընկճել սեռական ցանկությունը: Կարծում եմ այստեղ ձևավորվել է ամուսնական սեքսուալ աններդաշնակություն և բժշկական-սեքսոլոգիական մոտեցումը պետք է ուղղված լինի պաթոլոգիկ ֆիքսացիայի և կախյալության կորեկցիային (պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը պետք է բացառվի) և սեքսուալ ներդաշնակության վերականգնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել