«Օրինաց երկիր» կուսակցության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հակամարտությունը թևակոխել է նոր փուլ: Արդեն կան վիրավորներ՝ ի դեմս ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի:
Իհարկե, մաղթելով պատգամավորին շուտափույթ ապաքինում՝ հարկ է ի վերջո հասկանալ, թե ինչպես եղավ, որ բանը հասավ ֆիզիկական ուժի կիրառման: Կուսակցության ներկայացուցիչները ձգտում են հարցը քաղաքականացնել՝ նշելով, որ համալսարանի մարտական տրամադրվածությունը ու հետևաբար, նաև պահանջատիրական զգացմունքները ծագեցին այն պահից, ինչ իրենց կուսակցությունը իրեն հռչակեց ընդդիմադիր: Չի բացառվում, իհարկե, որ նման ենթատեքստ իսկապես կա, բայց ավելի կարևոր հարց է այն, թե ինչպես դա առհասարակ սկսվեց:
Կուսակցության ներկայացուցիչները ներկայացնում են մի փաստաթուղթ, որից բխում է, որ համալսարանի ղեկավարությունը որևէ կերպ չի առարկել ՕԵԿ-ի առաջարկին, ինչի հիման վրա քաղաքապետարանը կայացրել է համապատասխան որոշում: Համալսարանի ներկայացուցիչներն էլ, կարծես սա չեն ժխտում՝ նշելով, սակայն, որ սա պետության սեփականությունն է, և քաղաքապետարանն իրավասու չէր այն հատկացնել որևէ մեկին:
Ըստ էության, վիճելի տարածքի վերաբերյալ առկա են մի քանի իրարամերժ որոշումներ, և հարցը պիտի լուծվի դատական կարգով: Իսկ մինչ այդ արդեն բանը հասնում է ուժային մեթոդներին:
Սակայն հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Նախ՝ եթե բուհի ղեկավարությունն այդ տարածքը տրամադրելիս գերազանցել է իր լիազորությունները, ինչո՞ւ դա չի առաջացրել համապատասխան հետևանքներ: Երկրորդ՝ երբ կուսակցությունը վերցրել է այդ տարածքը, ինչո՞ւ հարկ չի համարել ճշտել տրամադրման իրավազորությունը: Երրորդ՝ եթե տարածքն իսկապես պետության սեփականությունն է, ապա ինչպես է քաղաքապետը այդ կապակցությամբ որոշում կայացրել…
Մի խոսքով՝ ունենք այն, ինչ ունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/524325937701175
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել