Galatv.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն իր  այսօրվա նիստում քննարկեց ու հավանության արժանացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ու ՀՀ կառավարության կողմից սահմանված դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին որոշմանը: Որոշման նախագիծը գործադիրի քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախագծի համաձայն՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղաք Երևան, Աբովյան 42 շենք, բնակարան 2 և գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Տիչինայի 3-րդ նրբանցք 2/2) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով»:

ԳԱԼԱ-ն ՀՀ առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել նման նախագիծ մշակել, եւ արդյոք դա պայմանավորված է Սամվել Ալեքսանյանի անձով: Այս առնչությամբ Արմեն Մուրադյանը նշեց թե ոչ, հետո ավելացրեց. «Սա տեխնիկական բնույթի լիցենզիա է, որը իրենց նորից տրվում է: Երեք տարին մեկ թարմացվում է, ոչ միայն իրենց է տրվում, այլ նաեւ բազմաթիվ ընկերությունների: Այս տարի ութերորդն է, որը ստանում է: Վերաթարմացնում են ուղղակի իրենց լիցենզիաները, դրանք տեխնիակական բնույթի լիցենզիաներ են»: Մեր հաջորդ հարցին, թե ուսումնասիրություններ կատարվել են արդյո՞ք լիցենզիա տրամադրելուց առաջ, առողջապահության նախարարը նշեց. «Իհարկե բոլոր շահագրգիռ կողմերը՝ ներառյալ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, արդարադատության նախարարությունը, իրենց կարծիքները հայտնում են, նոր առողջապահության նախարարությունը ներկայացնում է կառավարությանը համապատասխան որոշման նախագիծ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել