ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը զգուշացրել են ԱլիևինSlaq.am-ը գրում է.

Եվրամիությունն ու ՄԱԿ-ը հանդես են եկել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի եւ իրավապաշտպանների վերջին ձերբակալությունների հետ կապված հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, երեկ տարածած հայտարարության մեջ ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի առնչությամբ:

«Մենք հատուկ անհանգստությամբ ընդգծում ենք ճանաչված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, նրա ամուսնու Արիֆ Յունուսի, Ինթիգամ Ալիեւի եւ Ռասուլ Ջաֆարովի դեմ իրագործված ճնշումները: Իշխանությունը սիստեմատիկ կերպով նեղացնում է քաղաքացիական հասարակության համար գործունեության դաշտը: Մենք Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում նորմալ վերաբերմունք ցուցաբերել ձերբակալվածների նկատմամբ: Անհանգստացած ենք, որ չնայած հիվանդության հետ կապված խնդիրներին, Լեյլա Յունուսը դեռեւս պահվում է կալանքի մեջ: Մենք Ադրբեջանի իշխանությանը կոչ ենք անում բոլոր ձերբակալվածներին ապահովել բժշկական օգնությամբ», -ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն անդրադարձել է նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ կապված Ադրբեջանի օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, որոնցով սահմանափակվել է նրանց գործունեությունը: «Այդ քայլերը լրջորեն հարվածում են Ադրբեջանի միջազգային հեղինակությանը եւ թուլացնում նրա քաղաքական շահերը: Այդ հարցում ԵՄ-ի անհանգստությունն Ադրբեջանի իշխանությանը հասցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հունիսի 14-ին Բաքու կատարած այցի ժամանակ: Եվրոպական միությունը մեկ անգամ եւս հայտարարում է, որ եթե Ադրբեջանը հարգանքով չմոտենա իր ստանձնած միջազգային պարտավորություններին, ապա ԵՄ հետ նրա հարաբերությունները չեն կարող հասնել իրենց ամբողջական ներուժին», -նշվում է հայտարարության մեջ:

ԵՄ հայտարարությանը միացել են նաեւ միության անդամ չհանդիսացող Նորվեգիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Չերնոգորիան եւ Ալբանիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել