Հայաստանի մասին 500 էջանոց գիրք հեղինակած ֆին հոգևորական. «Երբեք ոչ մի տեղ նման գեղեցկություն չեմ տեսել»Panorama.am-ը գրում է.

Ֆին հոգևորական Սերաֆիմ Սեպալան երկար տարիներ ուսումնասիրել է հայկական մշակույթն ու պատմությունը և ունի մի շարք հրապարակումներ այս թեմայով, այդ թվում 500 էջանոց մի գիրք հայ մշակույթի մասին, իսկ ներկայումս նա աշխատում է հայոց ցեղասպանության թեմայի շուրջ մի նոր գրքի վրա: Panorama.am-ին տված հարցազրույցում նա պատմում է իր գործունեության, ինչպես նաև Հայաստանի հետ ունեցած իր յուրահատուկ կապի մասին: Ըստ նրա Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են և նա անվանում է Հայաստանը իր հոգու տունը: 

-Հայր Սերաֆիմ, Դուք մի քանի տարի է, ինչ զբաղվում եք հայագիտությամբ և ունեք մի քանի հրապարակումներ հայկական մշակույթի մասին: Ինչպե՞ս Դուք, լինելով ֆին ուղղափառ վանական, սկսեցիք հետաքրքրվել Հայաստանով: Մասնավորապես ի՞նչ թեմաներ եք ուսումնասիրել: 
-Ես հետաքրքրված էի Հայաստանով նախքան ուղղափառություն ընդունելը. դա երկար պատմություն է: 1990-ականներին, երբ երիտասարդ ուսանող էի, ես ցանկանում էի դառնալ քրիստոնյա, բայց դեռ չգիտեի, թե ինչպիսի քրիստոնյա էի ուզում լինել: Հելսինկիում կային բազմաթիվ դավանանքներ ունեցող եկեղեցիներ և ես դրանք բոլորն այցելեցի: Ուղղափառ եկեղեցին իմ ցանկի վրա վերջինն էր: Իսկ մինչ այդ ես արդեն այցելել էի մի հայկական եկեղեցի Ստամբուլում: Ես ուսումնասիրում էի արևելագիտություն և սեմական լեզուներ Հելսինկիում և շատ գրքեր էի կարդում քրիստոնեության պատմության մասին: Ես համոզվեցի, որ քրիստոնեությունը իր ոգով արևելյան կրոն է, և որ արևելյան եկեղեցիները ամենամոտն են ակունքներին: Հետո ես գնացի Երուսաղեմ մեկ տարով և ծանոթացա այդ բոլոր եկեղեցիների հետ` սիրիական, ղպտի և եթովպական ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև հայկական եկեղեցու հետ: Այնտեղ ես ապրում էի հայկական թաղամասում` մի հայկական տան տանիքում: Այսպիսով, դա ինձ համար և՛ ակադեմիական և՛ անձնական փորձառություն էր: Ես թարգմանում էի հոգևոր գրականություն սիրիակ (արամեերեն) լեզվից ֆիներեն, բայց այդպես էլ հնարավորություն չունեցա սովորել հայերեն: Հետո ես ընդունեցի ուղղափառություն և դրանից մի քանի տարի անց դարձա վանական: Վանական տարիներին մեծ զբաղվածություն ունեի: Ամեն օր 14 ժամ եկեղեցում էի և աշխատանքի մեջ, իսկ երեկոյան աշխատում էի իմ դոկտորական թեզի վրա: Հետո ես անսպասելիորեն ստացա աշխատանքի հրավեր համալսարանից և եկեղեցին հավանություն տվեց, որ ես ստանձնեմ այդ աշխատանքը: Միայն այդ ժամանակ ես հնարավորություն ստացա իրականացնել իմ երազանքը և ավելի խորը ուսումնասիրել Հայաստանը: 

-Ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ եք արել Հայաստանն ուսումնասիրելիս: 

-Ինձ համար հայկական ամեն բան, որ գոյություն է ունեցել ցեղասպանությունից առաջ ընկած ժամանակաշրջանից ի վեր, բարձրագույն գեղեցկության արտահայտում է: Վասպուրականի մանրանկարները, դուդուկի եղանակները, շարականները, Սայաթ Նովան, Արցախի կարպետները և անգամ լարախաղացների պարերը: Ես երբեք ոչ մի տեղ նման գեղեցկություն չեմ տեսել: Այս ամենի համադրությունը ցեղասպանություններով և արյունահեղություններով լի պատմության հետ հիրավի յուրօրինակ է: Այս բոլորը իմ հոգու տունն է: Ես ցավ եմ զգում ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ այս թանկարժեք մարգարիտները փոխարինվում են արևմտյան աղբով Երևանում: Հայաստանը Միջին Արևելքի մշակույթների վերջին անկյունն է, որտեղ հին քրիստոնեական ավանդույթները դեռևս պահպանվում են ողջ մշակույթի մեջ` օպերաներից մինչև սրբավայրերը: Այս ամենն այնքան մեծ արժեք ունի: Ես իհարկե տեսնում եմ Հայաստանի ներկայիս խնդիրները, բայց խնդիրներ կան բոլոր երկրներում: Մի ծայրահեղ օրինակ բերեմ` ինքնասպանությունների թիվը ֆինական զարգացած գյուղերում անհամեմատ ավելի մեծ է, քան հայկական ամենաաղքատ գյուղում: Ինչու՞: Միգուցե այն պատճառով, որ դեռ մի շատ թանկագին բան կա աղքատ հայկական գյուղերում, մի բան, որ ֆիները չունեն… 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել