Այնքան հակասություններ կան մեր երկրում. ասվածի ապացույցներն ամեն օր կարելի է գտնել ՝ հեռուստաեթերին հետեւելով: Հազարավորները բողոքում են, որ ամիսներով հալալ քրտինքով վաստակած աշխատավարձերը չեն ստանում, բայց հեռուստաէկրանից գովերգում են, որ կարելի է չաշխատել, բայց ՝ աշխատավարձ ստանալ՝ ջնջելով ու շահելով. այն էլ ՝ 12 ամիս: Ողջ օրը Երեւանի ,,Նաիրիտում.. ու Վանաձորի քիմգործարանում աշխատողները ,,կռիվ-դավիների,, մեջ են կառավարության հետ, որովհետեւ գործարանի սեփականատիրոջ տեղն ու անունը չգիտեն, որ նրա հետ կռիվ անեն ու ասեն ՝,,Ախպեր ու՞ր ես, հասցեդ ասա, տեղդ ասա հեսա գալիս եմ,, ու պահանջեն իրենց ՝ մինչեւ անգամ 1 տարվա աշխատավարձերը, իսկ հեռուստաէկրանից համոզում են.,,Լոտո-աշխատավարձ.ջնջեք եւ շահեք,,:Օրերս էլ գովազդի ավելի կատարելագործված տեսակն է հայտնվել ՝տեւական ընդմիջումից հետո. ոչ միայն 12 ամիս անընդմեջ տրվող աշխատավարձ են խոստանում ՝համապատասխան վանդակը ,,քերելու,,դեպքում, այլեւ ՝պարգեւավճար՝ էլի համապատասխան հատվածը քերելու դեպքում: Կարո՞ղ է մի օր էլ ,,լոտո-աշխատավարձի,, շահառուները հայտնվեն խաբված ավանդատուների կամ քիմգործարանի ,,քցված,, աշխատողների վիճակում, երբ որ պարզվի, որ ,,լոտո-աշխատավարձի,, տերերը ,,դուքանը փակել են ու թռել,, ,,իզն ու թոզն էլ չի երեւում,,:Էն ժամանակ կառավարությունը ոչ թե լավագույն դեպքում 1 ամսվա աշխատավարձ կխոստանա / ու չի տա ՝ ինչպես վանաձորցի քիմիագործների պարագայում /, այլ ՝ մատը կցցի ու կասի ՝,,հայ-հա՜յ...խելքներիդ ձուն գա, ձեզ ո՞վ էր խնդրում հավատայիք լոտոխաբեբաներին,,: Հետաքրքիր է, ո՞նց են հասցնում իրար ետեւից այդքան տարատեսակ լոտո-մոտո տպել, ու, մեկ էլ տեսար ՝էկրանից հիմա էլ հնչում է ՝,,Մանի,մանի, մանի,,.ոչ թե հանրահայտ ,,Ճախարակի երգը,, ոտանավորի ,,գեղական,, տարբերակն է ՝իլիկի երգի մասին, այլ՝ անգլերեն ,,մանի,,-ն՝ փողը, որի լոտոգովազդի ժամանակ մի կին խզված ձայնով էկրանից ,,վռազ-վռազ,, բղավում-արդարանում է ՝,,Ես ի՞նչ անեմ, որ շահեցի, փողս առա ու գնացի,,:Հետաքրքիր է, ո՞նց են կարողանում բնակչությանը համոզել, թե միլիոնների գանձեր ու գումարներ են ,,թաքնված,, թղթի կտորի չքերած հատվածում, ու մնում է ,,փորեն,,-գտնեն գանձն ու փողերը / բայց՝ համապատասխան գումար ,,մուծվելուց,,.այսինքն ՝ գնելուց հետո /:Ոչ մի կասկած չկա, թե ինչ ահռելի շահույթներ են գոյանում ժողովրդի միամիտ հատվածից կորզվող գումարների հաշվին, շատերն անգամ պարտքով են լոտո գնում: Ինչ-որ մի ասացվածք կա. որտեղ կան խաբվողներ, այնտեղ կլինեն խաբողներ:Թեպետ ժողովրդին էլ մեղադրելու չէ. ամեն ինչից հույսները կտրել են, մնացել են լոտոների հույսին:Այս ոլորտի հավատավորներն էլ աղանդավորի կարգավիճակում են, ու մեկ էլ տեսար ՝որեւէ կրպակի մոտ քարացած, քերում են ու քերում: Մնում է ՝լոտո-վարկեր բացեն բանկերում:/Դե եթե պարտքով լոտո են գնում, ինչու՞ լոտո-վարկեր չբացեն /: Դրա համար էլ անընդհատ վարձեր են բարձրացնում, որովհետեւ համոզված են, որ ժողովրդի ,,ձեռը փող կա,,. մնում է գրպանները ,,մի լավ քերեն,,...Մի գովազդային աբսուրդ էլ այն է, որ հեռուստաէկրանից համոզում են, թե գնեք այսքան շիշ ՝ այսինչ խմիչքից, եւ խցանի տակ հավաքեք այսինչ տառերն ու շահեք այսինչ իրերը /որոնց գինը հաճախ ավելի էժան է, քան ՝ այդ խմիչքի վրա ծախսվող գումարները /:Կամ ի՞նչ երաշխիք, թե անհրաժեշտ բոլոր տառերը կտեղադրեն խցանի տակ: Մի սուրճ արտադրող ընկերություն էլ 15 տարի է ՝տուփերի վրա դոլարային շահումի տարբերանշան է դրել, ինչն ամենաիսկական ,,մոլորեցնելու փորձ,, է սպառողին, այսինքն ՝ ՏՄՊՊՀ-ի նյութ, քանի որ մինչ օրս հաստատ ոչ ոք դեռ այդ տուփերում շահում չի գտել, ինչը խոստովանում են նաեւ վաճառողները, բայց այդ կեղծիքը ՏՄՊՊՀ-ն եթե փորձի հաստատել, ապա դժվար չէ ենթադրել, որ այդ ընկերությունը մի 5 հոգու կվարձի ՝5-10 հազար դրամով, ու նրանք հեռուստաէկրանից երջանիկ տեսքով կփորձեն ապացուցել, թե այդ տուփերի մեջ եղած շահումներով ահագին ,,բան-ման են առել,,: ... Հաճախ էլ գովազդի նպատակը լրագրողական հետաքննությամբ ապացուցված կեղծիքի փաստը ,,չեզոքացնելը,, կամ ,,ջրելն,, է: Ահավասիկ. հեռուստաալիքներից մեկը մի ապահովագրական ընկերության վերաբերյալ ինչ-որ խարդախության առնչությամբ ռեպորտաժ էր ներկայացրել, բայց ՝ մեկ էլ նույն հեռուստաալիքով նույն ընկերության գովազդն է գնում. այն էլ ՝վրացերեն բառակիտուկով, առանց հայերեն թարգմանության , թքած ունենալով լեզվի տեսչության վրա. կամ ՝ ,,երեսները չի բռնել,, հայերեն գովազդեն:....Իսկ վերջերս հիպնոսացնողի ձայնով մեկը հեռուստաեթերից համոզում էր, թե զուգարանի թուղթ ստեղծելն իրնց համար ,,արվեստ է,,: ,,Սա մեր արվեստն է,, ՝ասում էր գովազդող կինը ՝ներկայացնելով թղթի առավելությունները: Ինչպե՞ս սա հասկանալ. այսինքն ՝ արվեստը մեր մոտ այնքան է արժեզրկվել, որ կարելի է համեմատել զուգարանի թղթի հե՞տ: Ի վերջո, սահման չպե՞տք է լինի կարելիի եւ չի կարելիի միջեւ ՝ ելնելով տարրական բարեկրթության սահմաններից:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2014/08/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել