Բռնցքամարտի լեգենդար վարպետ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի կյանքի եւ մարզական կենսագրության մասին համառոտ, բայց հետաքրքիր հրապարակում է ներկայացրել ռուսական «Չեմպիոնատ.ռու» կայքում Վադիմ Ժուկը։ Այնքան ջերմ ու սրտառուչ է գրված, որ այն շրջանցելը պարզապես անհարգալից կլիներ մեր մեծ հայրենակցի եւ առհասարակ հայրենի սպորտի պատմության նկատմամբ։ Առավել եւս, որ գոնե տողերիս հեղինակը առօրյա թոհուբոհում խիստ հազվադեպ է անցած օրերի հերոսներին անդրադառնալու առիթ ունենում։ Փորձենք լրացնել այդ բացը։
Վլադիմիր Ենգիբարյանը, հիրավի խորհրդային շրջանի մեծագույն բռնցքամարտիկներից է։ Տեխնիկական եւ տակտիկական փայլուն պատրաստականություն ունեցող մարզիկը, որ դարձել է 1956թ. օլիմպիական չեմպիոն եւ ԽՍՀՄ ժողովուրդների անդրանիկ սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի եւ Խորհրդային Միության եռակի չեմպիոն, մենամարտում էր իր ժամանակաշրջանին ոչ բնորոշ եւ ոչ ստանդարտ ոճով։ Սկզբում բռնցքամարտի շատ մասնագետներ եւ պաշտոնյաներ միջազգային բարձր մակարդակով ելույթների համար անընդունելի եւ անհամապատասխան էին համարում Ենգիբարյանի ինքնատիպ ոճը, ուստի չէին շտապում առաջ քաշել երիտասարդ տաղանդավոր բռնցքամարտիկին եւ չէին ընդգրկում Սովետական Միության հավաքականում։ Սակայն բնատուր տաղանդը հարթեց սեփական ճանապարհը, իր վարպետությունը ապացուցելով ուժեղագույն մրցակիցների հետ պայքարում։ Բռնցքամարտի արվեստի հայկական դպրոցի հիմնադիրներից մեկի կարիերան գագաթնակետին հասավ 1956թ. Մելբուռնի օլիմպիադայում, որտեղ Վլադիմիր Ենգիբարյանը, նրա անվանակից Սաֆրոնովը եւ Գենադի Շատկովը նվաճեցին խորհրդային բռնցքամարտի պատմության մեջ առաջին ոսկե մեդալները։
Ի դեպ, օլիմպիական այդ ոսկին մինչ օրս միակն է հայկական բռնցքամարտի հաշվին։
Սպորտի վաստակավոր վարպետ Վ.Ենգիբարյանը ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին։ Նրա հայրը՝ Նիկոլայ Ենգիբարովը ծնունդով Տավուշի մարզի (Իջեւան) Սեւքար գյուղից է, ուր ժամանակին տեղափոխվել են Ղարաբաղի հայերի շատ ընտանիքներ։ Չեմպիոնի հայրը մինչեւ հեղափոխությունը բատրակություն է արել, ապա աշխատել նավթահանքերում, քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Բաքվի Կոմունայի մարտիկ, իսկ հետագայում աշխատել է պետանվտանգության մարմիններում։ Արդեն Երեւանում ծնված իր չորրորդ զավակին, ի պատիվ համաշխարհային պրոլետարական հեղափոխության առաջնորդի, անվանել է Վլադիմիր։ Նիկոլայ Ենգիբարովը եւ նրա կինը՝ Արուսյակ Մուշեղովնան խիստ են դաստիարակել իրենց զավակներին։
14 տարեկանում Վլադիմիրը պատահաբար հայտնվելով բռնցքամարտի դահլիճում, մարզիչ Արտյոմ Հարությունովի խնդրանքով առաջին անգամ փորձում է կաշվե ձեռնոցները։ Մարզիչին միանգամից զարմացնում է պարկին հարվածելու ժամանակ տղայի ձեռքերի արագ աշխատանքը։ Տաղանդն ակնհայտ էր. հենց Հարությունովն էլ դառնում է Ենգիբարյանի առաջին մարզիչը։ Մարզումները պարզապես կլանում են նրան. Վոլոդյան բոլորից շուտ էր գալիս մարզադահլիճ եւ ամենից ուշ հեռանում։
Պատանի Ենգիբարյանի առաջին լուրջ նվաճումն էր թեթեւագույն քաշային կարգում ԽՍՀՄ 1951թ. առաջնության բրոնզե մեդալը։ Դրանից հետո նա ընդգրկվեց 1952թ. Հելսինկիի օլիմպիական խաղերին մասնակցելու թեկնածուների ցանկում։ Սակայն երկրի հավաքականի այն ժամանակվա մարզիչները չափազանց անհամապատասխան համարեցին Ենգիբարյանի մենամարտելու ոճը եւ դուրս թողեցին օլիմպիական թիմից։ Դա ամենեւին էլ թեւաթափ չարեց մեծ մարզիկին, որը, տեղափոխվելով թեթեւ քաշային կարգ, 1953թ. վերստին երրորդը ճանաչվեց ԽՍՀՄ առաջնությունում։ Ընդ որում, կիսաեզրափակիչի վիճելի մենամարտում Ենգիբարյանը զիջեց այն ժամանակ արդեն ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, հանրահայտ Անատոլի Գրեյներին։ Սակայն հայ բռնցքամարտիկի կատարմամբ տպավորիչ մարտը հավաքականի մարզիչներին այնուհանդերձ ստիպեց նրան ընդգրկել առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմում։
Հենց Վարշավայում էլ սկսվեց Ենգիբարյանի միջազգային հաղթարշավը։ Նորամուտի մենամարտում նա գերազանցեց ԳԴՀ-ի ներկայացուցիչ Գուտշմիդտին, երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց բուլղարացի Իվան Մարկովը, իսկ կիսաեզրափակիչում, համառ պայքարում տեղի տվեց նաեւ լեհ Ալեքսիյ Անտկեւիչը։ Հունգարացի Իշտվան Յուխաժի հետ եզրափակիչ մարտի ողջ ընթացքում լեհ հանդիսատեսը համակրում էր արդեն մեր բռնցքամարտիկին։ Ցուցադրելով ֆանտաստիկ բռնցքամարտ, Ենգիբարյանը դարձավ խորհրդային բռնցքամարտի պատմության մեջ ամեանաառաջին Եվրոպայի չեմպիոնը։ Եւ անմիջապես էլ ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական մամուլը հիացմունքով արձագանքեց խորհրդային փայլուն թեթեւքաշայինի ելույթներին։
Ենգիբարյանի մարտաոճը հիմնված էր անչափ բարձր արագության, ֆենոմենալ ռեակցիայի եւ ապշեցնող ճկունության վրա։ Բնատուր այդ տաղանդին գումարվեց տարիների համառ մարզումներով հղկված տեխնիկան եւ տակտիկական հրաշալի պատրաստականությունը։ Դրա շնորհիվ Ենգիբարյանը, որ անհարմար մրցակից էր նաեւ նրա համար, որ, լինելով բնատուր ձախլիկ, գործում էր աջլիկի կեցվածքով, հաճախ մենամարտում էր իջեցրած ձեռքերով, անկաշկանդ խուսափելով գրոհներից եւ հակառակորդներին խոցելով կտրուկ հակահարձակմամբ։ Միաժամանակ հայ բռնցքամարտիկը տիրապետում էր երկու ձեռքերով ուժեղ հարվածների, ինչը բնորոշ չէ արագ եւ տեխնիկապես հագեցած աշխատող խաղակցական ոճի բռնցքամարտիկների մեծամասնությանը։
Ցատկելիս նրա ձախով ներքեւից ոչ ստանդարտ հարվածը բռնցքամարտի տերմինաբանության մեջ ստացավ «կիով հարված» անվանումը։ Ահա այսպիսի անթերի մրցակցի բախվեցին առաջին միջին քաշի բռնցքամարտիկները 1956թ. օլիմպիադայում։ Քաշային կարգը Ենգիբարյանը փոխել էր մեկ տարի առաջ։
Վիճակահանության բերումով օլիմպիական մրցաշարի առաջին իսկ մենամարտում նրա մրցակիցն էր լեհ ուժեղ մարզիկ Լեշեկ Դրոգոշը, որը 1955թ. կասեցրել էր Ենգիբարյանի առաջխաղացումը դեպի Եվրոպայի չեմպիոնի երկրորդ տիտղոսը։ Սակայն Մելբուռնում հրաշալի մարզավիճակում գտնվող Ենգիբարյանը միայն ուրախ էր առաջին իսկ փուլում իրեն նեղացնողին հանդիպելու համար եւ բացահայտ առավելության հասավ նրա նկատմամբ (արդեն առաջին ռաունդում լեհը հայտնվեց նոկդաունում)։ Հաջորդ երկու մենամարտերում մեր հայրենակիցը նույն ոճով գերազանցեց բավական ուժեղ ֆրանսիացի Կլոդ Սալյուդեին եւ հարավաֆրիկացի Հենրի Լոուբշերին։ Իսկ եզրափակիչում հակահարձակողական ոճի բռնցքամարտի լավ դաս ստացավ ագրեսիվ իտալացի Ֆրանկո Նենչին։ Այդպիսով Ենգիբարյանը պահպանեց կիսամիջին քաշային կարգում խորհրդային մարզիկների գերիշխանությունը՝ Վլադիմիր Սաֆրոնովից հետո առհասարակ երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելով խորհրդային բռնցքամարտի պատմության մեջ։ Իսկ 1957-ին, Չեխոսլովակիայում Ենգիբարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ հռչակվեց առաջնությունում ամենահարուստ տեխնիկական զինանոց դրսեւորած բռնցքամարտիկ։ Եվրոպական իր 3-րդ եւ վերջին բարձունքը հայ մարզիկը նվաճեց 1959թ.` Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում։
1960-ին նա արդեն Հռոմի օլիմպիադային պատրաստվող ԽՍՀՄ հավաքականի ամենափորձառու անդամներից էր։ Սակայն, ձախ ձեռքի ցավալի վնասվածքի պատճառով Իտալիայում Ենգիբարյանին չհաջողվեց կրկնել ավստրալական հաղթարշավը։ Հարավաֆրիկացի Վիլեմ Լյուդիկի հետ երկրորդ փուլի մենամարտում կոտրելով ձեռքը, 1/4 եզրափակիչում նա պարտվեց լեհ Մարիան Կասպշիկին։ Բայց անգամ «մեկձեռանի» Ենգիբարյանը այնպես «նախշեց» մրցակցին, որ բժիշկները լեհին չթույլատրեցին մասնակցել կիսաեզրափակիչին։
Հռոմի օլիմպիադայից հետո Ենգիբարյանը հրաժեշտ տվեց մեծ սպորտին, անցկացրած 267 պաշտոնական մենամարտերում տանելով 255 հաղթանակ։ Փայլուն պաշտպանության շնորհիվ նա ոչ մի անգամ չհայտնվեց նոկդաունում եւ անգամ հոնքի պատռվածք չստացավ։ Հետագայում Ենգիբարյանը գլխավորեց ԽՍՀՄ-ում առաջին բռնցքամարտի մասնագիտացված մարզադպրոցը, որը գտնվում է Երեւանի Ա.Սախարովի անվան հրապարակում եւ առ այսօր կրում է կաշվե ձեռնոցի անզուգական վարպետի անունը։ Հաջողության հասնելով նաեւ մրցավարական ասպարեզում, Ենգիբարյանը ԽՍՀՄ-ն էր ներկայացնում ԱԻԲԱ-ի եւ ԵԱԲԱ-ի մրցավարական հանձնաժողովներում։
Խորհրդային Միության փլուզումից հետո Վ.Ենգիբարյանը հաստատվեց ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայում, որտեղ սկզբում մարզչական գործունեություն ծավալեց, իսկ այժմ ապրում է ամերիկյան սովորական թոշակառուի կյանքով...
ՀՐԱՅՐ ՆԱԶԱՐՅԱՆ



