«Պետք է պատրաստ լինել պատերազմի»Aravot.am-ը գրում է.

Սոչիում կայացած նախագահներ Սարգսյանի, Պուտինի եւ Ալիեւի եռակողմ հանդիպումից հետո ռուսական քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակները սկսեցին խոսել այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումները Արեւմուտքի դրդմամբ էին եւ ուղղված էին ՌԴ-ի դեմ: Երեկ, մասնավորաբար, նման կարծիքներ հնչեցին նաեւ Երեւանում` ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի եւ ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւի կողմից: «Վերջին սրացումները Ղարաբաղում միանշանակ ձեռնտու էին Արևմուտքին, որպեսզի թուլացնի Ռուսաստանին`ուկրաինական զարգացումների ֆոնին: Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Արևմուտքը անբարոյական խաղ է տանում, և ուղղակի պետք չէ սև կատու փնտրել մութ սենյակում»,- ասաց Վլադիմիր Եվսեևը` հավելելով. «Արեւմուտքի հաշվարկն այն էր, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայում, եւ հնարավոր կլինի հաջողել այս տարածաշրջանում` թուլացնելով Ռուսաստանի դիրքերը, բայց ՌԴ-ն մշտապես պաշտպանելու է իր եւ իր գործընկերների շահերը: Ադրբեջանում, դա, ցավոք, չեն հասկանում»:

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ռուս փորձագետների դիտարկումներին եւ պատասխանելով հարցին` արդյոք որոշակի ճշմարտության չկա՞ այդ ամենում՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի վերջին շրջանի հայտարարությունները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահող երկրների դանդաղկոտ եւ մեղմ արձագանքը սահմանային միջադեպերին, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց. «Ռուսական իշխող քաղաքական և տնտեսական վերնախավին այդպես էլ չհաջողվեց դառնալ արևմտյան աշխարհի կառավարող ընտրանու մասը՝ նրան թույլ չտրվեց ինտեգրվել եվրո-ամերիկյան համակարգին՝ որպես իրավահավասար ու նույնական բաղադրատարր, որը կունենա իրավունքներ ու կկիսի պարտականությունները գործընկերների հետ: «Անառակ որդու» վերադարձը չկայացավ, ու դրա փոխարեն սկսվեց նրա նոր վտարման գործընթացը: Այս համատեքստում ռուս փորձագետները կարող են ՌԴ-ին սահմանակից երկրներում պատերազմական ակտիվության աճը դիտարկել որպես Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք, բայց նաև պետք է հիշեն, որ Ռուսաստանում ինչ-որ մի բան սխալ էր հաշվարկվել ժամանակին, և այդ սխալ հաշվարկի պտուղները հիմա հասունացել են, ու եկել է բերքահավաքի ժամը»:

Հիշեցնենք. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նախ հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն այլեւս վտանգավոր է դառնում: Ապա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էր հայտարարել ղարաբաղյան կարգավորման խնդրում պաշտոնական Վաշինգտոնի նոր հայեցակարգի մասին ու ասել, որ Սպիտակ տունը մտադիր է նոր թափ հաղորդել Ղարաբաղյան կարգավորմանը եւ այլն: Ամերիկյան կողմի այս եւ մի շարք այլ հայտարարություններին հետեւեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ իրականացվող դիվերսիոն գործողությունները` սահմաններում աննախադեպ լարվածություն ստեղծելով: «Առավոտի» հարցին` կարելի՞ է փաստել, որ իր պրովոկացիոն գործողություններում Ադրբեջանին ոգեւորում էր Արեւմուտքը. Սոչիի եռակողմ հանդիպումն էլ, արդյոք, որոշակիորեն չհստակեցրե՞ց այդ պատկերը, թեեւ իրենց վարքագծի համար Արեւմուտքի եւ Ադրբեջանի մոտիվացիաները կարող էին էականորեն տարբերվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրանց (դիվերսիոն գործողությունների եւ սահմանային լարվածության- Ն. Գ.) միջոցով Ադրբեջանը ժամանակ է փորձում շահել, ձգտում է այնպես անել, որ իր առջև դրված ճամբարի ընտրության անհրաժեշտությունը հետաձգվի՝ Ալիևը վախենում է կանգնել Ռուսաստանի կողքին կամ հստակորեն սատարել Արևմուտքին՝ հասկանալով, որ ցանկացած որոշում կարող է աղետալի լինել իր իշխանության և ընտանիքի համար»: Երեկ Հայաստանում ռուս-հայկական համատեղ զորավարժություններ էին անցկացվում ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զինծառայողները գործել են մարտականին մոտ պայմաններում: Թեեւ նման զորավարժությունները բացառիկ բան չեն, բայց ներկայիս իրավիճակում ի՞նչ է դա նշանակում` «Առավոտի» հարցին Արման Մելիքյանն արձագանքեց. «Պետք է պատրաստ լինել պատերազմի՝ հատկապես առաջիկա երկու-երեք տարիները ռազմաքաղաքական զարգացումների առումով շատ բարդ են լինելու»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել