Պատերազմի ու խաղաղության սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտրված բանը լրահոսն է։ Սահմանից յուրաքանչյուր լուր մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժվող հայաստանցիներս թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիորեն, և շատերի համար անսպասելի՝ հակառակորդի յուրաքանչուր կրակոց կամ դիվերսիա ավելի է կոփում մեր կամքը, միասնականությունն ու մեր մեջ նիրհող տիրոջ զգացումը։
Օդում հայ զինվորի պաշտամունք կա, և ամեն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող։ Այդպես էլ պիտի լիներ՝ մեր անկախությունը, արժանապատվութըյունը ու նաև շատ հաճախ ժողովրդից երես թեքած իշխանութունն այսօր սահմանին կանգնած տասնութամյա հայ զինվորն է պահում։ Մի քանի օր էր պետք այս ճշմարտությանը հասնելու համար։
Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արյան ու բռնության հոտ է գալիս։ Աշխարհն ավելի քան անհանգիստ է, մարկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա…
Ինձ, մեզ ամենամոտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինվորը, բայց սա չի խանգարում չպապանձվել այն պատկերի առջև, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում։ Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիներ շարասյուններն ինձ Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյությունը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի փոխած սասունցի պապիս հիշատակը։ Միթե կարող է պատմությունն հարյուր տարի անց կրկնվել` այս նույն անողոքությամբ, արյունռուշտ բարբարոսի դեմքով… Իսկ մեզ թվում էր, թե հարյուր տարին լուրջ ժամանակահատված էր։ Բայց ոչ ՝ ինչպես Թումանյանը կասեր <<Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան>>, իսկ զբաղված, քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը դարձյալ լռում է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/708273289249288?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել