Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ուզում եմ ապուր բերել քեզ համար, երբ հիվանդ ես: Ի դեպ ուզում եմ ոչ միայն բերել, այլ ուզում եմ հենց իմ ձեռքերով պատրաստել, որպեսզի ուտես մի բան, որը սիրով է պատրաստվել:

Ես գիտեմ,  որ քեզ սիրում եմ, որովհետև ուզում եմ ուժեղ-ուժեղ ապտակել նրան, ով քեզ կվնասի, կամ կնեղացնի, նույնիսկ եթե դա քո վերադասն է: Ես ուզում եմ գրկել քեզ, երբ դու երազում մղձավանջ ես տեսնում, և ուզում եմ համբուրել մարմնիդ այն կետը, որը ասում ես ցավում է:
Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ուզում եմ երբեք չհիվանդանաս, ու երազում եմ դրա մասին անգամ այն պահերին երբ առողջ ես: Մի՛ նեղացիր, հենց դրա համար է, որ քեզ այդքան խնդրում եմ հրաժարվել վնասակար սովորություններիցդ:  

Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ես անհանգստանում եմ այն բաների մասին, որոնց մասին կարող է անհանգստանալ միայն այն մարդը, ով իսկապես սիրում է: Օրինակ այնպիսի բաներ, ինչպիսիք են բավարար քնելը, չափավոր խմելը, երբ քեզ տխուր ես զգում, և այն, թե ինչքան վիտամին B ես ստանում օրեկան:

Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ես մտածում եմ որ դու սիրուն ես, նույնիսկ եթե դա այդպես չէ: Հա, ես չեմ ասում, որ դու լավ տեսք ունես, ես ասում եմ, որ դու սիրուն ես, այնքան սիրուն, որ մեջդ ինչ-որ մագնիսական ձգող բան կա: 
Ես կարծում եմ, որ դու սիրուն ես նույնիսկ, երբ դու մախմուրի (похмелье) մեջ ես և դեմքիդ կեսը մանուշակագույն է:  

Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ես քեզ երբեք չեմ թողնի, նույնիսկ, եթե դու քեզ տականքի պես պահես, վերջին տականքի:  
Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ասում եմ, որ դու քեզ վատ ես պահում, փոխանակ լռեմ և հետևիցդ բամբասեմ:

Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ուզում եմ քեզ անվերջ լսել, իրոք ուզում եմ:

Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև չգիտեմ կյանքում մի բան, որը քեզնից կարևոր լինի:
Եթե ես իմ հեռախոսը չեմ վերցնում ապա կամ շատ զբաղված եմ, կամ հեռախոսս թաղված է բարձերի արանքում: Բայց, երբ դու ես զանգում, աշխարհում ամեն ինչ կարող է սպասել:  

Ես գիտեմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ես իսկապես անհանգստանում եմ, թե ինչպես կյանքդ կդասավորվի: Ես ուզում եմ, որ քո մոտ միշտ ամեն ինչ լավ լինի, իսկ ես միշտ կողքիդ՝ մի գավաթ շամպայնով:

Եվ ես իսկապես համոզված եմ, որ քեզ սիրում եմ, որովհետև ես ուզում եմ քեզ համար անել այն ամենը, ինչը երբեք չեմ անի ոչ մեկի համար, նույնիսկ՝ ինքս ինձ համար:
Ահա թե որտեղից գիտեմ, որ քեզ սիրում եմ…

Հ.Գ. Հուսով եմ դու էլ դա գիտես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել