1in.am-ը գրում է.
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը կարող է դիտարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օկուպացված Ղրիմ այցի կապակցությամբ անօրինական կերպով ուկրաինական սահմանի հատման գործով քրեական գործ հարուցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, տեղեկացնում է podrobnosti.ua–ն։
«Կարծում եմ՝ նման տարբերակը (քրեական գործի հարուցումը.– խմբ.) կարելի է քննարկել։ Ես նախարարին կզեկուցեմ այդպիսի տարբերակի մասին»,- ասել է Գերաշչենկոն։
Ի դեպ՝ նա ընդգծել է, որ Պուտինը անձեռնմխելի է, այդ պատճառով էլ նրան չի կարելի նույնիսկ Ինտերպոլին հանձնել որպես պետության նախագահ։
«Գոյություն ունի Վիեննայի դիվանագիտական կոնվենցիան։ Այդ պատճառով նրան պատասխանատվության ենթարկելը անհնար կլինի»,- ասել է նախարարի խորհրդականը։
Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն անթույլատրելի և անընդունելի է համարում Պուտինի այցը Ղրիմ։



