Հայաստանաբնակ եզդիները վրդովված են ՀՀ իշխանությունների անտարբերությունից եւ այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնելու՝ խնդրելով գործադիրից միջամտել Իրաքի եզդիների բնաջնջման գործին: Սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը ոչ մի կերպ չի կարող միջամտել եզդիների նկատմամբ իրականացվող բռնություններին:
Նշենք, որ արդեն մոտ 15 օր է, ինչ Իրաքի ու Լեւանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) զինյալները գրավել են Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս տեղակայված Սինջար եզդիների գյուղը: Ծայրահեղականները սկսել են հաշվեհարդար տեսնել ազգային փոքրամասնությունների հետ: Ահաբեկիչների ձեռքով սպանվել են 5000-ից ավելի եզդիներ, այնտեղ բնակվող մոտ մեկ միլիոն եզդիների կեսն էլ փախստական է դարձել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը չի կարող աջակցել Իրաքում գտնվող եզդիներին, քանի որ իրավասություն եւ պարտավորություն չունի: Պարզեցինք, որ անգամ Հայաստանի իշխանական վերնախավից որեւէ հրահանգ չի եղել Իրաքում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան օգնել եզդիներին: Դեսպանատունը սահմանափակվել է միայն իր մտահոգությունն արտահայտելով:
Նշենք, որ օգոստոսի 7-ին Հայաստանում բնակվող մի խումբ եզդիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Սրանով եզդիները չէին սահմանափակվել եւ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանատան մոտ:



