Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հուլիսի 30-ին նամակով դիմել էր ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով չսահմանափակվել պատժամիջոցներով և ավելի հեռու գնալ:
Եվ ահա հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին Նորվեգիայի կենտրոնական մասում գտնվող նավահանգիստներից մեկում կհանգրվանի «Շարքային Դուեյն Թի Ուիլյամս» ռազմատրանսպորտային նավը, որը բեռնված է ամերիկյան «Աբրամս» ծանր տանկերով և AAV-7 դեսանտի մարտական մեքենաներով:
Ակնհայտ է, որ այս փոխադրումն ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունների հետ: Իհարկե, պաշտոնապես գործողությունը ներկայացվում է որպես կենտրոնական Նորվեգիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական պահեստներում գտնվող հնացած ռազմական տեխնիկայի փոխարինում, սակայն ակնհայտ է, որ դա նաև ուժի ցուցադրության ձև է:
Այստեղ հարկ է նշել, որ առկա գործընթացներում Նորվեգիան ձեռք է բերում կարևորագույն դերակատարություն, ինչը պայմանավորված է նրանով, որ չհաշված մերձբալթյան երկրները, Նորվեգիան Ռուսաստանի հետ 196 կմ ցամաքային սահման ունեցող ՆԱՏՕ-ի անդամ միակ պետությունն է:
Ավելին, ըստ Նորվեգիայի ԱԳՆ-ի, երկիրը պլանավորում է միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող Եվրամիության պատժամիջոցներին և արդեն իսկ 77 հազար հատ չոր սննդի փաթեթներ է տրամադրել ուկրաինական բանակին:
Այսպիսով, հետզհետե ավելանում է պատժամիջոցային գործընթացում ներգրավվող երկրների թիվը, իսկ իրականացվող գործողություններին ավելանում է նաև ուժի ցուցադրությունը:
Սակայն թե մինչև որտեղ է կատվի վազքը (այն է՝ «պատժողների» հեռու գնալու պատրաստակամությունը), կհստակեցվի օգոստոսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այնտեղ արդեն հարցը դրվելու է շեշտակիորեն ու աներկբա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1457436527855620&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել