Տարբեր ԶԼՄ-ներ հաղորդում են հարևան երկրի հոգևոր առաջնորդի պատասխան նամակը Վեհափառին: Պատասխան նամակի պարագայում երևի միակ դրական տեղաշարժն այն է, որ Փաշազադեն վերջապես հաջողացրել է ստանալ Գարեգին Բ-ի նամակը: Երևի հոգնել է փոստատար աղավնուն սպասելուց և վերջապես գլխի ընկել (կամ գլխի են գցել) ավելի ժանակակից մեթոդներով ստուգելու իր փոստը: Բայց դա մի կողմ, իմաստ չեմ տեսնում անդրադառնալ մի նամակի, որը հարևան երկրի կրոնական անմեղսունակ առաջնորդին առնչվում է զուտ այնքանով, որ նրա անունով է ուղարկված, մնացածը Բաքվի պետական քարոզչամեքենայի շաբլոն տեքստ է: Ինձ մտահոգում է մեր հասարակության մի մասի ոչ ադեկվատ և բռի պահվածքը մի հարցում: Ես հասկանում եմ, որ մարդուն կարելի է չսիրել` ելնելով սեփական կրոնական հայացքներից, լինելով տարբեր տեսակետների ազդեցության տակ կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց իմաստը ո՞րն է այն բանի, որ հենց մի տեղ կաթողիկոսի անունը տեսնես գրած, մտնես ու սկսես առանց որևէ չափ ու սահմանի վիրավորանքներ տեղալ: Ում հասցեին ուզում է լինի, եթե դու սևեռուն գաղափար ունես ամեն պատեհ-անպատեհ առիթով որևէ մեկի հասցեին վիրավորանքներ ու կեղտոտ արտահայտություններ ուղղելու, ապա դրանով միայն սեփական մակարդակդ ու հոգեկան անհավասարակշիռ վիճակդ ես ցուցադրում և վիրավորում ինքդ քեզ: Ի վերջո կան սահմաններ, որ չի կարելի խախտել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե առհասարակ ինչու է Վեհափառը նամակ գրել շեյխ ու իսլամին, կարճ ասեմ, որ կրոնական առաջնորդների մակարդակով երկխոսությունը և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքները սկիզբ են առել Արցախյան շարժման հենց սկզբից` Վազգեն Վեհափառի ջանքերով: Դա զուգահեռաբար տարվող օժանդակ գործընթաց է, որը միտված է հավելյալ ներդրում բերելու խնդրի լուծմանը:
Այս հարցով որոշակիորեն հետաքրքվել եմ, նույնիսկ ժամանակին մի հոդված եմ գրել, բայց չեմ տեղադրում: Եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի, կարող եմ առանձին ուղարկել իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել