Հռոմեացիք մարդու մասին պատկերացում էին ստեղծում նրա ընկերական շրջապատով: Պուծինը ընկեր չունի` կինը նրան լքել է ու նրա շուրջը մնացել են երկու տեսակի ստրուկներ, որոնց մի մասը նա անվանում է «գործընկերներ», մյուսը` «ընտրազանգված»: Անշուշտ, այսքանով էլ կարելի է լիարժեք պատկերացում կազմել այս անձի վերաբերյալ, սակայն ինձ հետաքրքրում է ոչ թե նա, այլ նրա քաղաքական տրամաբանությունը, որը, դժբախտաբար, վերաբերվում է նաև մեզ: Իսկ դա հասկանալու համար պետք է ուսումնասիրել այն գրքերը, որ նա կարթում է և ֆիլմերը, որ դիտում է նա: Դեռևս անցյալ տարի «Մտավոր Ական» շարքում ես մի փոքր տեսավերլուծություն արեցի այս հարցով ու եկա այն եզրակացության, որ Պուծինի աշխարհընկալման վրա մեծ ազդեցություն են թողել Լեոնիդ Գայդայի կինոկատակերգությունները: Այս պարագայում մրցակցությունից դուրս է Օստապ Բենդերը, ընդ որում ոչ այնքան մելամաղձոտ «Ոսկե հորթը» ըստ Շվեյցերի, այլ սովետական այդ էպոսի առաջին մասը`«12 աթոռը», հենց Գայդայի ֆիլմը, դրա անբռնազբոս ու ծիծաղաշարժ ցինիզմով, որը հավանաբար գերեց լենինգրադյան չեկիստի մռայլ հոգին: Պուծինը չի խորշում բենդերական ուղիղ մեջբերումներ անելուց իր քաղաքական ճառերում: Այսպես, նա բառացիորեն «սատկած էշի ականջներ» խոստացավ էստոնական պատվիրակությանը սահմանային մի հարց քննարկելիս և սա հենց Օստապի խոսքերն են: Իլֆ ու Պետրովի վեպի ու Գայդայի ֆիլմի հերոսը իսկական մի կուռք էր սովետական ժամանակ որոշակի շրջանակներում` իր կիսաթաքուն հակասովետականությամբ, որին հակադրված էր ոչ թե հոգևոր դիմադրությունը, այլ ցինիկ հարմարվողականությունն ու արագ հարստանալու երազանքը` հենց այն, ինչ բնորոշում է պուծինյան ժամանակաշրջանը: Գայդայի հերոսները կարծես թե շարադրում են նեոկայսերական Կրեմլի քաղաքականությունը: Արդյո՞ք սպառիչ չէ Գայդայի մեկ այլ կերպարի, տնային լիազորի սպառնալիքը բնակիչներին. «Իսկ եթե չհամաձայնվեն` կանջատենք գազը»: Արդյո՞ք սա չի բնորոշում կրեմլյան ողջ դիվանագիտությունը: Գայդայի ո՞ր ֆիլմին էր հետևում Պուծինը վերջին ամիսներին, հատկապես Ուկրաինայում: Կարծում եմ, կրեմլյան կինոսիրողը այստեղ ընկավ ծուղակի մեջ, չգիտակցելով, որ արվեստը չի ծառայում բռնապետներին ու վրեժ է առնում անսպասելի կերպով: Բանն այն է, որ ուկրաինա-հայ-ադրբեջանական բազմաթիրախ իր արկածախնդրությամբ Պուծինն ակամա կրկնօրինակեց Գայդայի մի կարճամետրաժ գլուխգործոց, «Օպերացիա Ի» ֆիլմի անհաջողակ պահեստապետի կերպարը, ով վարձեց Ապուշ-Վախկոտ-Փորձառու մանր գողերի եռյակը, որպեսզի բեմադրված թալանով կոծկի պահեստի իրական խոոր հապշտակությունները: Եթե հիշում եք, նա համոզում է վարձկան ծաղրածուներին, որ գործողությունը անվտանգ է ու գրեթե օրինական, քանզի ամեն ինչ նախապես արդեն թալանված է, իսկ պահակը` անվնաս պառավ տատիկ է խաղալիք հրացանով: Թույլ կտամ ինձ ենթադրել, որ սույն նախագծով նախապես հապշտակված պահեստն էր Ուկրաինան (իսկ հետո, եթե հաջողվի, հերթը մերն էր լինելու), անվնաս տատիկն էլ` ծեր ու խաղաղասեր Եվրոպան, որը գող-պահեստապետի հաշվարկով չի կարողանա միջամտել ու խանգառել միայն ռուսերենում առկա այդ անընթերցելի տառով կոչված փայլուն «օպերացիան»: Գայդայի կոմեդիայում բոլոր ծրագրերը տապալում է ակնոցավոր «ցնդած» մի ուսանող Շուրիկը: Ու եթե դուք հիմա կարծեք, որ այդ դերում ծիծաղասեր ճակատագիրը օգտագործում է ԱՄՆ սևամորթ նախագահ Օբամային, ապա սխալվում եք: Պատմությունը շատ ավելի նրբաճաշակ է ու դաժան: Ակնոցավոր ու «շաշ» թվացող Շուրիկը իրականում Չինաստանն է, այն հաղթողը, ով ծալելու է ու կապելու և գող-պահեստապետին, և նրա վարձկան ծաղրածուներին, հետն էլ սեփականացնելու է ողջ պահեստը` գազով, նավթով, անտառներով ու գետերով… Ահա թե ինչ չի նախատեսել գայդայասեր կրեմլյան գեղագետը, որը պարզապես սխալ կինոներ էր դիտում մանկուց և անհրաժեշտ գրքեր այդպես էլ չկարդաց: Ասում եմ սա որպես ռուս գրականության, չինական փիլիսոփայության ու համաշխարհային կինոյի մասնագետ: Վերջում մի կինոգաղտնիք բացեմ, որպես սցենարիստ ու ռեժիսոր` Գայդայի բոլոր ֆիլմերում, Բենդերից մինչև Շուրիկ, Իվան Վասիլյևիչից մինչև Ադամանդե ձեռքը կա մշտական մի կերպար, որը հանդիսանում է գաղտնի իմաստի բանալին: Դա սև կատուն է: Նա է մոգական այն հերոսը, որը հեղինակի հեգնանքով պահպանում է այդ սքանչելի ֆիլմերը ժողովրդի համար ու պաշտպանում է դրանք բռնապետներից, վերածելոն Իոան Ահեղ արքային ինքնակոչ դուրսպրծուկ Իվան Վասիլևիչի: Ինչպես ասված է Գայդայի այդ ֆիլմում.«Թագավորը իսկական չէ…»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/808105585889664?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել