«Դատախազությունն ուղղակի վատ էր պատրաստվել լրատվամիջոցների դեմ իր իսկ հայտարարած պատերազմին և սխալը սխալի հետևից է թույլ տալիս: Նախ, առանց որևէ հիմնավորման, «բազմակողմանի քննություն իրականացնելու» հերթապահ պատճառաբանությամբ քրեական գործ հարուցեց, ինչն ավելի վաղ մերժել էր, համարելով, որ հանցակազմ չկա:
Նպատակը մեր թերթին և iLur.am կայքին, որոնք առաջինն էին գրել Շիրակի ոստիկանապետ Նադարյանի կողմից մարզիկ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին, դատական քաշքշուկի մեջ ներքաշելն էր, մյուս լրատվամիջոցներին էլ՝ դաս տալը: Երկրորդ. առանց լրատվամիջոցներին տեղյակ պահելու դատարան էր մտել և Կենտրոնի դատավոր Գագիկ Խանդանյանից աղբյուրի բացահայտման որոշում կորզել: Իսկ երեկ դատախազության ներկայացուցիչը նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չէր բերել վերաքննիչ դատարան, որտեղ երկու լրատվամիջոցները բողոքարկում են աղբյուրի բացահայտման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
Դատավոր Եվա Դարբինյանը ստիպված էր կրկին հետաձգել նիստը, դատախազի փաստաթուղթ չունենալու պատճառով: Նախորդ նիստին, հիշեցնենք, ոչ դատախազ էր եկել, ոչ քննիչ, իսկ լրագրողներին ներս չթողեցին: Երեկ դատավորը չեղյալ համարեց իր ավելի վաղ կայացրած որոշումը՝ դատավարությունը դռնփակ անցկացնելու մասին, բավարարելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների և փաստաբանների միջնորդությունը:
Այնպես որ, հաջորդ նիստին՝ օգոստոսի 20-ին, ժամը 14։00-ին լրագրողները, ամառային արձակուրդներին կազդուրված և առողջացած, կազմ-պատրաստն կներկայանան վերաքննիչ դատարանի նիստը լուսաբանելու և պաշտպանելու իրենց իրավունքները:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել