Երկար խորհեցի, կարդացի գրառումներն ու մեկնաբանությունները: Շատ լավ, խորիմաստ խորհուրդներ կային, լավ կարծիքներ, նաեւ պահանջ՝ շարունակել իմ «ՖԲ»-ն առաքելությունը: Շնորհակալ եմ իմ համեստ կարողությունները, ունակությունները գնահատողներից, ոստիկանության աշխատակցի հետ անմիջական շփումը կարեւորողներից եւ իհարկե օբյեկտիվ քննադատության, հետաքրքիր առաջարկությունների համար: Շնորհակալ եմ նաեւ մի փոքրաթիվ, շատ փոքրաթիվ, բայց ագրեսիվ, կատաղության վիրուսով վարակված խմբից, որոնք չգիտես ինչու իրենց վզի շղթայով ուզում են ինձ շղթայել նախագահականի դարպասներին: Կատաղախտի պատճառով ձեր վզին անցկացրած շղթան պահեք ձեզ, այն ձեզ պետք կգա: Ինձ պետք չէ՝ ես շղթայված եմ իմ Հայրենիքին, իմ Եռագույնին, իմ Զինանշանին, իմ Պետությանը: Իսկ մեր ժողովուրդը գիտի, որ պետք է շղթայի ձեր նմաններին, որոնք կողքից հաչում են այդ սրբությունների վրա, շղթայի այդ սրբությունների հիմքերը խլուրդի նման թուլացնողներին, ճոճողներին, դեմագոգներին, Սողոմոն Իմաստունի կեցվածքով՝ սպառողական, կրավորական կեցվածքով հաչացողներին...
Ինչեւէ, ես նման հաճույք չեմ պատճառի «ՖԲ»-ի անդեմ, անհասկանալի պրոֆիլով, անկապ կեղծանուններով, անգրագետ՝ բայց մեծամտությամբ, ինքնագոհությամբ տառապող, իրենց գերանը ինչ- որ տեղում մոռացած, ուրիշի ծեղը խոշորացույցով փնտրող դժգոհամոլներին:
Ընդհակառակը, թող այդ փոքրամասնությունը կատաղությունից թուլանա եւ հաճույք ստանա:
Բարին ընդ ձեզ...
Հ.Գ. Կատակ՝ իմ նախորդ հեղինակային բառերին խնդրում եմ ավելացնեք դժգոհամոլ եւ կատաղախտ բառերը:



