Երեկ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից պարզ դարձան մի քանի կարևոր իրողություններ: Նախ ակնհայտ երևում էր Ալիևի ընկճվածությունը: Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ Ադրբեջանի նախագահը մինչ հանդիպումը, ըստ էության, երկրորդ անգամ տանուլ տվեց պատերազմը: Այս անգամ իհարկե <<մինի պատերազմը>>:
Երկրորդ՝ հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողություններ գոնե առաջիկա ժամանակահատվածում տեղի չեն ունենա: Համենայն դեպս երկու երկրների նախագահները կողմ արտահայտվեցին խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, իսկ Պուտինն էլ իր հերթին տողատակով հասկացրեց, որ պատերազմը լավ բան չի ու պետք է զերծ մնալ հակամարտությունը դիվանագիտական հարթությունից ռազմադաշտ տեղափոխելու արկածախնդրությունից:
Երրորդ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխարհին ցույց տվեց, որ հարավային կովկասում իրադրության տերը Ռուսաստանն է:
Վերջին դիտարկմանս հետ կապված մեր երկրում նույնպես թերհավատություն էր առաջացել: Մինչ նախագահների հանդիպումը գրել էի, որ հետաքրքիր երկփեղկվածություն էր նկատվում հասարակության շրջանակում: Մի մասը երկու երկրների նախագահների հանդիպումից դրական ակնկալիք ուներ, մյուս մասը ոչ:
Նամանավանդ ուշագրավ էր նույն օրը արտահայտած 2 տեսակետ. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ բարելավում չի ակնկալում, իսկ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը համոզված էր, որ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում:
Հանդիպումից հետո նույն սոցցանցերում արդեն բոլորովին այլ տրամադրություններ է տիրում: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորս էլ հոգու խորքում շատ լավ գիտենք, թե նույն Ռուսաստանը ինչ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա, սակայն միշտ ուզում ենք դրանում ևս մեկ անգամ համոզվել:
Ինչևէ նախագահների ևս մեկ հանդիպում պատմություն դարձավ: Հարաբերկանորեն մեղմվել է սահմանին լարվածությունը: Բայց մենք չպետք է թուլանանք՝ թշնամին դավադիր է ու արկածախնդիր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=317214568456048&id=100005025218444&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել