ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ՝ «ԱՐՃԻՃԻ ԼԵԶՎՈՎ»Hayzinvor.am-ը գրում է.

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանում մնում է լարված: Կան հատվածներ, օրինակ` հյուսիսարևելյան, որտեղ ադրբեջանցիներն սկսել են ավելի շատ կրակել հայկական գյուղերի, դաշտերում աշխատող մարդկանց վրա, իսկ ԼՂՀ շփման գծում սովորական են դարձել դիվերսիոն գործողությունները: Հարցն այն չէ, թե մեր ստորաբաժանումներն ինչպե՞ս են պատասխանում կամ պատժում հակառակորդին, և վերջնական հաշվով ո՞ր կողմն է ավելի շատ տուժում, զոհեր տալիս: Հարցն այն է, որ ամեն տարի վիթխարի քանակությամբ զենք-զինամթերքի գնումներ կատարող Ադրբեջանի զինվորականները ղեկավարությունից ստացվող հստակ առաջադրանքներ են կատարում: Դարձյալ հարց՝ արդյոք նրանց նպատակը ռազմական ճանապարհով ԼՂՀ-ն վերանվաճելն է, կարծում եմ՝ ոչ, որովհետև.

Ի. Ալիևը և իր մերձակա շրջապատը հազիվ թե վստահ լինեն իրենց բանակի մարտունակության վրա: Այսինքն` պատմական փորձը ցույց է տալիս, որ զենք-զինամթերք ունենալը մի բան է, կռվում հաղթելը՝ մի այլ բան, և ոչ ոք չի կարող իմանալ, թե որտեղ կավարտվի պատերազմը, եթե այն սկսվի, և դրանից ինչ կստանա Ադրբեջանը:

- 1988թ. ի վեր Ադրբեջանի բոլոր ղեկավարներն իշխանությունից զրկվել են սկսած պատերազմը ձախողելու, ԼՂՀ դեմ նոր ռազմարշավներ նախաձեռնելու և տանուլ տալու հետևանքով: Եվ հազիվ թե Բաքվում այդ մասին մոռացած լինեն:

Այնուամենայնիվ, տեսականորեն պատերազմ հնարավոր է, եթե ներսի կամ դրսի ինչ-որ ուժեր հոգնել են Ի. Ալիևի և իր կլանի գոյությունից և նրանց կարող են համոզել գնալու այդ քայլին:

Եթե անսահման հարստությունից, մեծարանքներից բացի Ի. Ալիևը նաև ռազմական փառքի կարիք զգա:

Եթե այս գործոնները չկան, ուրեմն լարվածություն ստեղծելու մարտավարությունը հայկական կողմի և միջազգային հանրության՝ մասնավորապես Մինսկի խմբի վրա մշտական ճնշում գործադրելն է: Մեր կարծիքով, հակառակորդի վարքագիծը, ցուցադրական ակտիվությունը, պարզապես հուսահատության արտահայտություն է, չկատարած խոստումները ջրելու միջոց, որովհետև մեր զինվորները, ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրավիճակին, պահպանել սահմանների անձեռնմխելիությունը, իսկ թե պետք է՝ թշնամու հետ խոսում են պարզ ու հասկանալի՝ «արճիճի լեզվով»:

Փոխգնդապետ Ս. Ղուկասյանի զինվորների զբաղեցրած դիրքերի ուղղությամբ էլ են կրակոցներ լինում, տեղ կա՝ շատ, որոշ տեղերում՝ հատուկենտ, պարզապես իրենց գոյությունը փաստելու համար: Ամեն դեպքում հենակետերի պատասխանատուները, ավագները դիտորդներին հրահանգավորելիս խստորեն պահանջում են չթուլացնել զգոնությունը, լինել ուշադիր ու չբացառել դիվերսիոն գործողությունների հնարավորությունը: Թշնամին նենգ է, հայտնվում է այնտեղից, որտեղից բոլորովին չես սպասում:

Վերջին օրերին, կապված ինժեներական աշխատանքների հետ, հենակետերում զինվորների թիվը շատացել է: Ինժեներասակրավորային վաշտի զինվորներն իրենց օրվա առաջադրանքները կատարելուց հետո մարտական հերթապահության մեջ են ընդգրկվում: Հենակետում, որի պատասխանատուն ավագ սերժանտ Ա. Բարսամյանն է, հիմնովին նորացվել են պաշտպանական բնագծերը, դիտակետերը, կառուցվել են գետնատնակի պաշտպանությունն ամրապնդող արգելափակոցներ:

-Շարքային Ուդումյան Արթուր,- ներկայացավ որմնադիր զինվորներից մեկը,- Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից եմ, տեսել եմ՝ մեծերը ոնց են պատ շարում, որոշեցի փորձել, ստացվեց:

-Իսկ կրակելո՞ւց ոնց ես:

-«Քաջարի մարտիկ» կրծքանշանը հենց լավ կրակելու համար եմ ստացել:

Արթուրն աշնանը զորացրվելու է, ու բնական է՝ զենքին տիրապետում է լավագույն ձևով: Նույն զորակոչի զինվորներ են նաև շարքայիններ Էրիկ Սարգսյանը, Վասիլ Գասպարյանը, Սարգիս Խաչատրյանը, Բաբկեն Հարությունյանը: Փորձում եմ «մասնագիտորեն» ստուգել նրանց կատարած աշխատանքի որակը: Կդիմանա՞ն, արդյոք, խոշոր տրամաչափի հրաձգային զենքերի փամփուշտներին:

-Կդիմանան, շարվածքը հմտորեն է արված,- վստահեցնում է մայոր Հ. Մակարյանը:

Դիտորդներից մեկն էլ շարքային Նարեկ Սարգսյանն էր: Ասաց, որ Ապարանից է, վեց ամիս առաջ է զորակոչվել:

-Ընդունվեցի ագրարային համալսարան, փոխադրվեցի երկրորդ կուրս ու զորակոչվեցի: Սա իմ առաջին մարտական հերթապահությունն է, վաղը հերթափոխ է լինելու:

Զինվորին խնդրում եմ կիսվել սահմանում անցկացրած առաջին տասնհինգ օրերի մասին:

-Միշտ ծառայության սկիզբը դժվար է լինում, երբ ժամանակի ընթացքում ֆիզիկապես կոփվում ես, հարմարվում զորամասի առօրյային, ընտելանում նոր ընկերներիդ, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում: Վեց ամսվա ընթացքում սովորել եմ մարտական հերթապահության բոլոր նրբությունները ու երբ առաջին անգամ բարձրացա հենակետ, թվաց՝ նախկինում էլ եմ այստեղ եղել, լեռների մեջ ինչ-որ հարազատ բան կա: Վախի զգացողություն երբեք չեմ ունեցել: Ամենակարևորը զգացի, թե իրականում ինչ է մարտական ընկերությունը: Այստեղ ընկերության մասին հորս խոսքերը հիշեցի:

Հետաքրքրվեցի, թե ով է հայրը: Պարզվեց պայմանագրային զինծառայող է՝ շարքային Սոս Սարգսյան, որ արդեն տասնվեց տարի մարտական հերթապահություն է կատարում առաջնագծում՝ ապարանցիների գումարտակում:

Այսինքն` հնարավոր է, որ նույն պահին հայրը մեր երկրի արևելյան սահմանն է պահպանում, իսկ որդին՝ արևմտյանը: Այ քեզ ճակատագի՜ր: Այլևս չէի կարող շարունակել զրույցը: Ինձ մնում էր միայն որպես զինակից հայրաբար գրկել Նարեկին ու իրեն էլ, հորն էլ մաղթել բարի ծառայություն և ուրախ հանդիպում:

Հետո հանդիպեցի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վարդան Մախմուրյանին: Հապճեպ ծանոթացումից հետո նա ներկայացրեց իրավիճակը.

-Այստեղ մեր դիրքը նպաստավոր է, հակառակորդը մեր նշանառության տակ է ու իրեն զուսպ է պահում, բայց մենք զգոն ենք, որովհետև թշնամին կարող է խորամանկել, թակարդներ ստեղծել: Նա չզլացավ դրվատանքով նշել իր ջոկի զինվորներին՝ շարքայիններ Հայկ Առաքելյանին, Արսեն Բեջանյանին, Ալիկ Ավետիսյանին, Էդմոն Մելքոնյանին, իսկ իր մասին ասաց.

-Արտաշատցի եմ, սովորում եմ տնտեսագիտական համալսարանում, ձմռանը կզորացրվեմ, բայց տան մասին դեռ չեմ մտածում, որովհետև ծառայության իսկական ժամանակը նոր է սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել