Օգոստոսի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Ո՛չ պատերազմին» խաղաղության երթը: Ուրախալի է, որ Հայաստանում կան տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդիկ, ու նրանք կարողանում են իրենց դիրքորոշումն ազատ ու անվտանգ արտահայտել, երթի դուրս գալ, կարգախոսներ հնչեցնել, պաստառներ ծածանել` հատկապես էն դեպքում, որ, օրինակ, Հայաստանից ավելի դեմոկրատական Իսրայելում հալածանքների են ենթարկվում Գազայում ռազմական գործողությունների դեմ արտահայտվողները: Ու ես շատ շնորհակալ եմ երթի մասնակիցներին, որ առիթ տվեցին տեսնելու` թեպետ փոքր ածու, բայց մեր երկրում էլ արժեքավոր բաներ կան, ու ես արդեն Հայաստանի պատերազմը կարող եմ դիտել` որպես դեմոկրատական ծիլերի պաշտպանություն ադրբեջանական բռնակալությունից: Հիմա` ըստ էության:
Միջոցառման ակտիվիստներն իրենց «Ո՛չ պատերազմին» կոչվող էջում ընդդիմախոսներին առաջարկում էին մտածել սեփական ուղեղով ու չենթարկվել պրոպագանդային: Մի կողմ թողնենք սեփական ուղեղով մտածելու աշուղական ընկալումը (խիլքդ հիմարին բաբ մի անի), որ ենթադրում է, թե հնարավոր է նախ` հեշտությամբ ճանաչել ու հետո` զատել-դեն նետել բոլոր էն «մտքերը», որ ուղեղում են հայտնվել կյանքի ընթացքում ամենատարբեր ինֆորմացիաների հոսքից, և որոնք ուղեղի տերը համարում է իր սեփականը, ու որ, առհասարակ, հնարավոր է մեկուսի ուղեղ: Պրոպագանդային չենթարկվելու կոչը լավ բան է վերջապես, բայց դրա համար հարկավոր է նախ կարողանալ տեսնել էդ պրոպագանդայի հետքերը: Օրինակ` երթի կոչի մեջ գրված է` «մարդկային կյանքը բարձրագույն արժեք է». ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ համար` պարզ չէ: Այն դեպքում, երբ աշխարհում օրական հազարավոր մարդիկ կամավոր մահվան են գնում, որպեսզի ապացուցեն, թե իրենց համար կյանքից ավելի արժեքավոր բաներ կան: Մեռնում են իրենց գաղափարների համար, հավատամքների համար, երկրի համար, սիրո համար: Եվ վիրավորական ցինիզմ է այսպես արժեզրկել սեփական կյանքի գնով ողջերին ուղղված մեռնողների ասելիքը: Նրանք մեռնում են, որպեսզի հենց խախտեն էն խաղաղությունը, որի մեջ ապրում են մյուսները` հաճախ ավելի հարմար, ավելի ապահով վիճակ ունեցողները, մեռնում են, քանի որ խաղաղությունից, գոնե իրենց համար, ավելի արժեքավոր բան են ուզում` արդարություն:
Իսկ արդարության հարցը բարդ է, մեկի պատկերացրածը կարող է բախվել ուրիշի պատկերացրածին, մեկի պատկերացրածը պաշտպանելով` մյուսին հանում ես քո դեմ ու էլ չես կարող կանգնել «խաղաղություն ամենեցուն»-ի աստվածային պատվանդանին: Կոնկրետ` ինչ մի դժվար բան է պատերազմում հաղթած, ադրբեջանցու պատկերացմամբ իրեն պատկանող տարածքները գրաված կողմի դիրքերից խաղաղության կոչ անել` առանց նրա արդարության պահանջի համար պատասխան ունենալու:
Իսկ պատասխանը պիտի քաղաքական լինի, ոչ թե մուկ ու կատվի` ռեբյատա, դավայծե ժիծ դրուժնո: Օրինակ` Գազայի խաղաղության համար պայքարող շատերի կարգախոսն է Free Palestine: Ու եթե երթի մասնակիցները քաղաքական դիրքորոշումներ ունեն Արցախի հարցի մասին, պիտի այնքան հետևողական լինեն, որ արտահայտեն դրանք, ոչ թե թաքնվեն ապաքաղաքական մարդասիրական քողերի տակ: Թե չէ` համայնամարդասեր կոչերին կարելի է քաղաքական տարբեր մեկնաբանություններ տալ, ինչպես որ ադրբեջանական մամուլում տարածվեց, թե նրանք պահանջում են Հայաստանի իշխանությունից հրաժարվել Արցախից: Ու անիմաստ է նրանց կեղծիքի մեջ մեղադրել գոնե էս դեպքում, երբ քո ասելիքն է լղոզված: (Հակոբ Հակոբյանը հետաքրքիր բան պատմեց իր մի նկարի մասին «Կենտրոն» հեռուստաալիքով իմ «Ինքնագիր» հաղորդման մեջ. չեմ հիշում` խոսքը դատարկ, անմարդաբնակ կոստյումներով բազմություն պատկերող նկարի՞ մասին էր, թե՞ գանգաբույլ պատկերողի: Ասաց, որ ինքը դա ուզեցել է վերնագրել «Ցեղասպանություն», իսկ Հենրիկ Իգիթյանը համոզել է վերնագրել «Նեյտրոնային ռումբին` ոչ»: Փաստորեն, կան դատարկ նշաններ, որոնց մեջ կարելի է ուզածդ բովանդակությունը դնել):
Ողջ խնդիրը հենց այս ապաքաղաքական դիրքորոշումն է, աշխարհի քաղաքական ուժերի տված կուտը, իսկական պրոպագանդան` «մարդկային կյանքը բարձրագույն արժեք է», որ քաղաքական խնդիրները խցկում է հումանիստականի տակ, որպեսզի իրագործի հենց քաղաքական նպատակներ: Ժիժեկն իր հոդվածներից մեկում ներկայացնում է «Նյու Յորք թայմզի» մի հոդված, որտեղ լրագրողը խոսեցնում է կոսովոցի մի կնոջ, ով պատմում է իրենց կրած տառապանքների մասին, ցավ հայտնում նաև սերբերի կրած տառապանքների համար և ասում, որ միայն մի բան է ուզում` որ վերջանա էդ սարսափը, որ ինքը և բոլոր մյուսները, նաև սերբերը կարողանան հանգիստ ու ապահով ապրել իրենց տներում, իրենց ընտանիքների ու ընկերների հետ, որ իրենք նորից լավ զգան իրենց: Այսպես կերտվում է զոհ-սուբյեկտի գաղափարախոսական կառույցը` ոչ թե հստակ օրակարգով քաղաքական սուբյեկտ, այլ անօգնական տուժող, որ համակրում է բոլոր կողմերի տուժածներին և կարող է խաղաղություն գտնել միայն օտար ուժերի միջամտությամբ: Սուբյեկտ, որի ողջ իղձերը նվազել-իջել են մինչև «լավ զգալու» կենդանական բնազդը:
Այսպիսի պացիֆիզմը, որքան էլ պարադոքսալ հնչի, ապաքաղաքական ռասիստական հայացքով քաղաքական կոնֆլիկտը դիտում է որպես էթնիկ ատելության ու անհանդուրժողականության դրսևորում: Մարդասիրական էթիկայի լեգիտիմացմամբ նման պացիֆիզմը ապաքաղաքականացնում է օտար ուժերի միջամտությունը` որպես խաղաղության հաստատման հումանիտար գործողություն: Միջամտություն, որ քաղաքական փիլիսոփայության մեջ կոչվում է միլիտարիստական պացիֆիզմ (տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի Ուլրիխ Բեկը` ՆԱՏՕ-ի` Բալկաններ մտնելը բնութագրելով):
Ու ահա այս միլիտարիստական պացիֆիզմի ռազմավարությամբ անհրաժեշտ վայրերում հայտնվում են զոհ-սուբյեկտներ կամ նրանց անունից խոսողներ, որ արժեզրկելով զոհերի գոնե որոշ մասի «իմացյալությունը», նրանց քաղաքական կամքն ու ընտրությունը ներկայացնելով որպես էթնիկ ատելությամբ պայմանավորված մանկամտություն, ոգեկոչում են հումանիտար աղետի էն հողը, որ անհրաժեշտ է կռվող անպիտան երեխաներին սաստող ու նրանց բարիշացնող մեծ ախպերների միջամտության համար` «ապե, պետք ա՞ խառնվենք»:
Ու այդպես կլինի, քանի դեռ «մարդկային կյանքը բարձր» կհամարվի բոլոր այն բաներից, որոնց համար մարդիկ պատրաստ են տալ իրենց կյանքը` ակնկալելով, որ իրենց էշ նահատակ չհամարեն, այլ փորձեն տեսնել այն, ինչի համար իրենք իրենց կյանքը տվել են:
Իսկ մայրերը, որոնց անունից այնքան սիրում են խոսել խաղաղության կոչ անողները, գոնե Հրանտ Մաթևոսյանի Աղունը, որդուն ասում էր. «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ- երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:



