ArmnewsTV.am-ը գրում է.
Սոչիի «Բոչարով ռուչեյ» կեցավայրում այսօր կայացավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին` հրավերն ընդունելու համար և նկատեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարեկամական և ռազմավարական են: Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի հետ պատրաստվում է քննարկել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ընթացակարգը, սակայն բանակցությունների օրակարգն ավելին է: Պուտինն ընդծեց, որ կուտակվել են բազմաթիվ երկկողմ հարցեր, որոնք հարկավոր է քննարկել:
«Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բարեկամական, ռազմավարական բնույթ, այս մասին է խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու` Հայաստանի որոշումը: Կատարվում է աշխատանք, և ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել դրա ընթացքի մասին: Մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին այսօր, անկասկած, կխոսենք: Հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկելու ղարաբաղյան կարգավորման հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ է և հագեցած»,-ասաց Վլադիմիր Պուտինը:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը նկատեց, որ վերջին հանդիպումից անցել է մոտ 3 ամիս, կուտակվել են հարցեր, և պետք է որոշումներ ընդունել: Սերժ Սարգսյանը նկատեց, որ պատրաստ է լսել Վլադիմիր Պուտինի բացատրությունները, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և Ռուսաստանն ինչ է նախաձեռնում ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ պատրաստ է ներկայացնել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, դիվերսիոն հարձակումների և սահմանային լարվածության բարձրացման պատճառները և թե ինչո՞ւ է Ադրբեջանը միտումնավոր սրում իրավիճակը:
«Մեր վերջին հանդիպումից անցել է երեք ամիս և որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա: Բացի երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության պայմանագրին` Հայաստանի միանալուն: Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք մեզ տեղեկացնել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, ես մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում տիրող վիճակը և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառները»,-ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս թեման, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցը, այսօր առանցքային էր նաև Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի, և մինչև այդ կայացած` Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններում: Ամենայն հավանականությամբ, այն կշարունակվի կիրակի` եռակողմ հանդիպմանը: Նախագահների օրակարգը պաշտոնական բանակցություններով չսպառվեց: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները երեկոյան ներկա կլինեն Պրոֆեսիոնալ մարտական սամբոյի 5-րդ միջազգային մրցաշարի հանդիպմանը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



