Երեկ քննարկումներից մեկի ժամանակ ես ասել էի, որ Սոչիում Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը կկայանա միայն մեկ դեպքում. եթե այն պարտադրվի համառորեն այդ հանդիպումից խուսափող և հրաժարվող Ալիևին: Հանդիպումը կայանալու է (համենայնդեպս, այս պահի դրությամբ երկու կողմն էլ հաստատել են այս տեղեկությունը) և արդեն կարևոր չէ, թե դրա համար հարկ է եղել Ալիևին բացատրել դրա անհրաժեշտությունը, թե՞, ուղղակի, ականջից քաշել: Միանշանակ է նաև այն, որ նախանշված հանդիպումից առաջ ուղեղով երբեք աչքի չընկած Ալիևը է՛լ ավելի բարդացրեց խուսանավելու իր հնարավորությունները, քանի որ այսօր գիշերն ադրբեջանական զինված ուժերը դիվերսիոն ևս երկու անհաջող փորձ են իրականացրել ԼՂՀ սահմաններին: Հասկանալի է, որ թեկուզ փոքր, բայց հաջողության դեպքում Ադրբեջանի նախագահը կփորձեր բանակցությունների ժամանակ հանդես գալ "հավասարը հավասարի հետ" դիրքերից, ինչը, սակայն, այլևս հնարավոր չէ: Ալիևը Սոչիում Հայաստանի նախագահին է ներկայանալու որպես պատերազմում արդեն երկրորդ անգամ պարտություն կրած երկրի նախագահ, ով խոնարհաբար պիտի կատարի հաղթող կողմի տրամաբանական պահանջները: Ինչ մնում է Սերժ Սարգսյանին, ապա նա պիտի օգտվի հանգամանքից, որ Հայաստանի նախագահներից և ոչ մեկը մինչ այսօր Ղարաբաղի հարցում չի ունեցել այնպիսի հասարակական աջակցություն, որպիսին այժմ ունի գործող նախագահը: Իսկ սա նշանակում է, որ արդեն հասունացել է Բաքվի հետ կոշտ ուժի դիրքերից խոսելու և հակամարտության կարգավորման գործում ի շահ Հայրենիքի բեկում մտցնելու ՊԱՏՄԱԿԱՆ պահը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/866166550074107
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել