Ինչ մենք ունեցանք. դեռևս մի քանի տարի մեխանիկորեն պահպանվեց այդ անկախության վիրտուալ տեսլականը, որովհետև դեռ թարմ էին ղարաբաղյան անկախական զարգացումները, հետո անկախությանը սկսեցին վերագրել բոլոր աշխարհագրական թերացումները և՛ իրավիճակի, և՛ վարած պատերազմի, ավելի ուշ անկախությանը սկսեցին վերագրել բոլոր ներքին կոռուպցիոն նախատիպերը: Իսկ վերջին 8-10 տարիների ընթացքում սկսեցին անկախությանը վերագրել այն, որ մեր միակ գոյատևելու հանգամանքն ազգամիջյան բացարձակ գաղափարական և ֆորմալ չեզոքացումն է՝ ընդհուպ մինչև Եվրազէս: Հույս ունեմ, որ բավականաչափ պետական ըմբռնում կունենանք և թույլ չենք տա այդ պրոյեկտը և պետականության կործանումը, քանի որ ազգապահպանությունն առանց պետական պահպանության հնարավոր չէ: Վերջապես մեր սփյուռքի նախադեպը ունի բավական օգտակար և արատավոր կողմեր, որովհետև մեր սփյուռքահայությունը վստահ է, որ ինքն ապրում և գոյատևում է իբրև հայկական համայնք ուրիշ պետության շրջանակներում, և այդ հոգեբանությունը նաև զարգանում է Հայաստանի ներսում, որ մենք հեռացել ենք պետությունից, մենք հեռանում ենք Հայաստանից, որ մենք պատրաստ ենք տանուլ տալ Հայաստանի Հանրապետությունը, բայց պատրաստ ենք մնալ հայ: Աշխատում է միայն պետական հզորության արժեքը. եթե մենք կորցնում ենք այդ արժեքը, միանշանակ կորցնում ենք ազգը, և որևէ մեկը չի կարող ինձ հակառակում ապացուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել