Panorama.am-ը գրում է.
Եվրասիական միության ջատագովներից մեկը համարվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ռազմավարական ծրագրեր է մշակում թյուրքախոս երկրները մեկ միասնական պետության շրջանակներում միավորելու համար: Ղազախստանի նախագահը պանթուրքիստական իր տեսլականը ներկայացրել է Ստամբուլի իր ելույթում:
Նազարբաևը նշել է, որ բոլոր թուրքերի հայրենիքը՝ Ղազախստանն է, իսկ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի կազմում իրենց երկիրը վերածվել էր գաղութի:
Թուրք-ղազախական բիզնես ֆորումի շրջանակներում հնչեցված իր ելույթում Նազարբաևը կարևորել է Աթաթուրքի այն գաղափարը, որ բոլոր թուրքերը որոշ ժամանակ անց միավորվելու են:
Ղազախստանի նախագահը ողջունել է 200 միլիոն թուրք եղբայրներին, որոնք բնակվում են Ալթայի և Միջերկրական ծովի միջև ընկած տարածքում, հավելելով, որ միավորվելու դեպքում իրենք հզոր ուժ կներկայացնեն:
Թուրքիան Ղազախստանի ռազմավարական դաշնակից
Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական հարաբերությունները սկսել են ձևավորվել 1991թ.-ից հետո, երբ Աստանան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ձեռք բերեց անկախություն: 2009թ.-ին Թուրքիայի և Ղազախստանի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, իսկ 2012թ-ին տեղի ունեցավ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնական այցը Թուրքիա: Այցի շրջանակներում թուրքական կողմի հետ ստորագրվեց 1 միլիարդ դոլարի 15 համատեղ ծրագրեր իրականացնելու համաձայնագրերը:
Ղազախական և թուրքական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության մասին: Թուրքիան շահագրգված է Ղազախստանի խոշոր նավթագազային պաշարներով, որոնք Անկարան փորձում է ուղղել դեպի ադրբեջանական նավթային և գազային առկա խողովակաշարար`Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում ղազախական էներգակիրները Եվրոպա արտահանելու համար:
Այսօր Ղազախստանում գործում է 1860 թուրքական ընկերություն, որոնցից 500-ը՝ Ալմա Աթայում: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո թուրքական ընկերությունները իրականացրել են 20 միլիարդ դոլարի ծրագրեր: Նախորդ տարի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ դոլար: Այդ ցուցանիշը նախատեսվում է մինչև 2015թ.-ը հասցնել 10 միլիարդ դոլարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



