Հայ գերի քաղաքացու մահը Ազրբայջանի ՊՆ բաձրաստիճան պաշտոնյայի կողմից հարցաքննությունից մի քանի ժամ անց նշանակում է մեկ բան` պետական սառնասիրտ սպանություն: Դա ավելի ակնհայտ է, քան Ամստերդամից թռչող Բոինգի կործանման մեջ ռուսակամ իշխանության մեղքը: Ու եթե երկրորդ դեպքում քաղաքակիրթ աշխարհը չի վարանում վտարել սպանության մեղսակիցներին ամեն տեղից ու պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ապա Բաքվի «կացնային» դիվանագիտությանը Երևանը վաղուց արդեն պետք է պատասխաներ միակողմանի ու կոշտ ձևով: Կացնահարող Սաֆարովի ազատագրումից ու հերոսացումից հետո Սերժ Սարգսյանը հարաբերություններ խզեց… Հունգարիայի հետ, սակայն Պուծինի առաջին իսկ սուլոցով վազում է հանդիպելու հայատյացության առաջնորդ Ալիևին: Մոլորված հովիվի, կամ անգամ ենթադրելի լրտեսի ծիսական մորթ-զոհաբերությունը Ռուսաստանում կազմակերպված Սերժ-Իլհամական հանդիպման օրը չի կարող անհետևանք մնալ և Հայաստանը ներկայացնող որևե անձ մարդկային, քաղաքական ու քաղաքակրթական իրավունք չունի շարունակելու բանակցությունները, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել: Սա Հին Կտակարանի «ատամ ատամի համար» սկզբունքը չէ` թողնենք այն Իսրայելին ու պաղեստինցիներին: Սա տարրական պետական և ազգային արժանապատվություն է` ցանկացած քաղաքականության, դիվանագիտության և անվտանգության հիմքը: Հարցնում են` արդյո՞ք դա չէ Ալիևի նպատակը` Հայաստանին դուրս հանել բանակցային գործընթացից: Շատ հնարավոր է, որ դա էլ լինի Ալիևի, կամ Պուծինի, կամ համաշխարհային մասոնության նպատակը` այդ մասին հարցրեք մասոն Ռուբեն Գևորկյանցին: Ես կարծում եմ, որ մեզ պետք է հետաքրքրի մեր ազգային նպատակը, իսկ դա հաստատ ամեն բարձրաստիճան ու դատարկապորտ հանդիպումների շեմին զինվորների ու բանվորների կորուստը չէ: Մենք բան չունենք քննարկելու Ալիևի հետ, բոլոր բանակցություններն ավարտվել էին 1994 թվականի մայիսին նրա հոր, ԿԳԲ գեներալ ու ԽՄԿԿ Պոլիտբյուրոյի անդամ Հեյդարի հետ: Եթե ԿԳԲ փոխգնդապետ Պուծինը ուզում է Սոչիյում վերանայել Բիշքեքի զինադադարը և իր երազած խՍՀՄ-ՄՄ ներքաշել մեզ նման սպառնալիքներով` մենք այդ «բանակցությունների» կարիքն առավելևս չունենք: Այս մասին վերջերս սպառիչ հստակությամբ հայտնել է մեր բանակը: Քանզի աշխարհում լավագույն բանակցողը հենց բանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել