S_KarapetyanGalaTV.am-ը գրում է.

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների և այսօր տիրող իրավիճակի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ:

- Հարց. Պարոն գեներալ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, և ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետպնդում նման լարվածության ստեղծումը:

Պատ. 1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր “մարտ-հետախուզությամբ” մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ գործողությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ:

- Հարց. Առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը մի առանձնակի տրամադրությամբ արձագանքեցին երեկվա պատերազմի մասնակիցները: Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամներ, առանց վարանելու, կամավոր մեկնեցին առաջնային գիծ և ստանձնեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը:

Պատ. Այս անգամ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության միջև առկա փոխհամագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվող գործընթացը` այն է երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանությանը, իրոք համընկավ առաջնային գծում ստեղծված լարված իրադրության հետ: Հանգամանք, որը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել  այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն ու նրա սահմանների  անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել