Medialab.am-ը գրում է.
Հաղթանդամ, սպիտակ գլխարկով ինքնավստահ խոհարարի տեսքն անգամ հույս է ներշնչում, որ ուտելիքը համեղ է լինելու: Նա հանգիստ քայլերով դուրս է գալիս խոհանոցից և ժպտադեմ շրջում սեղանից սեղան, լսում հաճախորդների կարծիքը և բարի ախորժակ մաղթում ճաշատեսակները համտեսողներին:
«Մեր իրականության մեջ ռեստորաններում` որպես ազգային կերակրատեսակ, առաջարկում են խորոված, ճուտ, քյաբաբ: Սա նույնն ա, որ մեր ազգային երաժշտությունը ներկայացնենք Թաթուլով, Սպիտակցի Հայկոյով, Թաթայով»,- ասում է 47-ամյա խոհարար Գրիշա Անտինյանը:
Նրա խոհարարական հագուստին հայկական զինանշանն ու դրոշն է, անուն-ազգանունն ու «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» հասարակական կազմակերպության անունը, որի փոխնախագահն է:
«Սաղ կյանքս, կենսագրությունս հագուստիս վրա գրված է»,- ծիծաղում է Գրիշան:
Գրիշան երկու երեխա ունի, «աղջիկ ու մի հատ էլ աղջիկ»` կատակում է նա ու շտապում տեղեկացնել, որ կինը համեղ է պատրաստում, և ինքը տանը չի եփում:
«Բոլորին հետաքրքրում է, չէ´, ես տանը չեմ եփում, կինս համեղ է պատրաստում, համ էլ` ես շատ հարմարվող եմ, ինչ տան` կուտեմ»,- ասում է նա:
Գրիշան աշխատել է Մոսկվայում, Վիլնյուսում. «Լավ էի վաստակում, բայց շատ էի ուզում հետ գալ Հայաստան»: Ներկայումս աշխատում է «Աֆրիկյանների պանդոկում», այն հարցին` ինչքա՞ն է վաստակում, պատասխանում է. «Հերիքում է, գոհ եմ»: Հարցին` «Խոհարարությամբ վաստակող մարդը կարո՞ղ է Հայաստանում բնակարան կամ մեքենա գնել»,- Գրիշան ծիծաղում է`ցավոք` ո´չ:
Նրա մատուցած կերակրատեսակները սիրող, համադամասեր հաճախորդները եթե ռեստորանում են սնվում, ապա միայն նրա մոտ` նախօրոք տեղեկանալով` արդյոք իրենց սիրած խոհարարը չի՞ փոխել աշխատավայրը:
50-ամյա Արտաշես Սանթրոսյանը պատմում է. «Գրիշայի դրած խաշը ուրիշ ոչ մեկի խաշի հետ չես համեմատի, մատներդ հետդ կուտես: Ես կնոջս ու մամայիս ասել եմ. «Ես ձեզ շատ եմ սիրում, բայց չնեղանաք` Գրիշայից համեղ եփող ես չեմ ճանաչում»:
Գրիշան գիտի, որ իր հաճախորդները սիրում են իր պատրաստածը, բայց չի սահմանափակվում իմացածով:
«Չկա մեկը, որ իր բնագավառում կատարելագործվելու տեղ չունենա, ոնց որ հույն փիլիսոփան ա ասել. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»,- ասում է նա` ավելացնելով, որ ուզում է անընդհատ աճել իր ընտրած մասնագիտության մեջ. «Սա իմ պրիդելը չի»:
Հասարակական կազմակերպությունը, որի փոխնախագահն է, բանահավաքությամբ է զբաղվում:
«Գնում ենք շրջաններ ու նոր կերակրատեսակներ հավաքում, հետո գալիս ենք-եփում, համտեսում հատուկ դեգուստատորների խմբով, այնուհետև գրավոր կարծիք ենք հայտնում. մի բանն ավելացնում, մյուսը`պակասեցնում, էդպես ծնունդ ա առնում համեղ բաղադրատոմսը»,- պատմում է նա:
Գրիշա Անտինյանը հիշում է իր առաջին եփած կերակուրը. «Փոքր էի, չեմ էլ հիշում` ի´նչ էր, բայց ինքս էլ չկերա,- դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է նա: - Հիմա էն ժամանակվանից մի~ քիչ ավելի լավ է ստացվում»:
Գրիշան 26 տարեկանում երազում էր սեփական ռեստորան ունենալ, որտեղ իր ուզած ոչ շատ մեծ, այլ շատ համեղ, «էքսկլյուզիվ» կերակրացանկը կկազմեր` մոտ 15 կերակրատեսակից բաղկացած, հիմա երազանքները փոխվել են:
«Ես ռեալիստ եմ,- ասում է ու շարունակում կիսվել իր մտահոգության հետ.- ուզում եմ, որ աշխարհում հայկական համեմունքներն իրենց ուրույն տեղն ունենան, չի կարող վրացին, պարսիկն իր համեմունքն ունենալ, իսկ մենք` ոչ»:
Նա ասում է, որ կուզեր համագործակցել որևէ գործարարի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ