Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի և Արևմուտքի միջև սկսվում է տնտեսական պատերազմ: Ինչպես հայտնի է, ուկրաինական իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանել են աննախադեպ պատժամիջոցներ, որոնք տարածվում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտների վրա: Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն էլ պատասխան պատժամիջոցներ է կիրառելու:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մեկ տարի ժամկետով արգելվելու կամ սահմանափակվելու է գյուղատնտեսական ապրանքների, սննդամթերքի և հումքի ներկրումն այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ: Հիմնավորումը՝ Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի պաշտպանությունն է:
ՌԴ կառավարությունը հրապարակել է այն ապրանքների ցանկը, որոնց վրա տարածվելու է արգելքը: Այսօրվանից կարգելվի կամ կսահմանափակվի դեպի Ռուսաստան միս-մսամթերքի, պտուղ-բանջարեղենի, կաթ-կաթնամթերքի և ծովամթերքի ներկրումը ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից:
Հասկանալու համար Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների բովանդակությունն ու տնտեսական հետևանքները, անհրաժեշտ է պարզել ռուսական տնտեսության կառուցվածքը, արտահանումն ու ներմուծումը: Շատ կարևոր է ֆիքսել, որ Ռուսաստանի ընդհանուր արտահանման առյուծի բաժինը վառելիքա-էներգետիկ ապրանքներն են՝ նավթն ու գազը: Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է Եվրամիությունը, որի հետ իրականացվում է ընդհանուր առևտրաշրջանառության մոտ կեսը: Իր հերթին Ռուսաստանը ԵՄ-ի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է:
Ռուսաստանից ԵՄ ներկրվող ապրանքների մոտ 80%-ը էներգակիրներն են: Մնացած ապրանքներն են արդյունաբերական այլ հումքը, քիմիական նյութերը և այլն: Եվրամիությունից դեպի Ռուսաստան արտահանումն ավելի բազմազան է: Ռուսական շուկա ԵՄ-ից ներկրվում են մեքենաներ և տրանսպորտային միջոցներ (մոտ 45%), քիմիական նյութեր (մոտ 20%), այլ արդյունաբերական ապրանքներ (մոտ 24%), իսկ ահա սննդամթերքն ու գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արտահանումը դեպի Ռուսաստան կազմում է առևտրաշրջանառության մոտ 10%-ը:
ԱՄՆ-ն ՌԴ-ի առաջնային առևտրային գործընկերների մեջ չի մտնում: Ռուսական կողմը ԱՄՆ կրկին գերազանցապես արտահանում է էներգակիրներ (մոտ 40%), մետաղ (մոտ 30%), քիմիական արդյունաբերության արտադրանք (մոտ 23%): Դեպի Ռուսաստան ԱՄՆ-ի արտահանման մեծ մասը կրկին բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին և տրանսպորտային միջոցներին (մոտ 66%), քիմիական արդյունաբերության արտադրանքին (մոտ 16%), և ինչպես ԵՄ-ի դեպքում, սննդամթերքը և գյուղատնտեսական արտադրանքը կազմում է առևտրաաշրջանառության մոտ 10%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



