Այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցավ «պատմական» իրադարձություն` «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանական կոալիցիայում իր հետագա գործունեությունը համարեց «խնդրահարույց և ոչ նպատակահարմար» և իրեն հռչակեց ընդդիմադիր:
Թե ինչպես իրեն կդրսևորի այդ կուսակցությունը ընդդիմադիր դաշտում գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ցույց կտա ժամանակը, սակայն պիտի փաստել, որ այդ կուսակցությունը արդեն իսկ ունեցել է ընդդիմադիր գործունեության փորձառություն և, որպես կանոն, պոպուլիզմից բացի, ոչնչով աչքի չի ընկել:
Հիշեցնենք, որ կուսակցությունը հիմնադրվեց 1997թ. և այդ ժամանակ որպես կուսակցության հանրային դեմքեր հանդես էին գալիս ԱԺ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Երիցյանը և Ստեփան Բարսեղյանը (վերջին երկուսն այլևս ՕԵԿ-ում չեն), ինչպես նաև Մհեր Շահգելդյանը: 1999թ. խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ին, հիմնականում առաջին երկուսի վարած հեռուստահաղորդումների բարձր վարկանիշի շնորհիվ, հաջողվեց հաղթահարել 5 տոկոսի շեմը և 2-րդ գումարման ԱԺ-ում, հաշվի առնելով մեծամասնական ընտրակարգով և լրացուցիչ ընտրություններում ընտրված պատգամավորներին, ներկայացված լինել 9 պատգամավորով, որոնցից 6-ը կամ 7-ը ներկա դրությամբ կուսակցության շարքերում չեն:
Ընդհանրապես, այդ կուսակցությանը բնորոշ է կադրերի հոսունությունը: Ինչպես սիրում է ասել հենց կուսակցության առաջնորդը՝ «Խոսենք փաստերով»: 2003թ. խորհրդարանական ընտրությունները կուսակցության աստեղային ժամն էին: Ամենակուլ պոպուլիզմի շնորհիվ, որի ամենակարկառուն դրսևորումն էր «Հայխնայբանկում» խորհրդային տարիներին ավանդադրված գումարները վերադարձնելու խոստումը, որին գումարվեցին բուժհիմնարկները չսեփականաշնորհելու, անվճար բարձրագույն կրթության համակարգն ընդլայնելու, սոցիալական վիճակն էապես բարելավելու և ժողովրդահաճո ու սոցիալիստական ուղղվածության մի քանի այլ խոստումներ և կարգախոսներ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին հաշված շաբաթներ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հետընտրական գործընթացները տապալած հիմնական ընդդիմադիր համարվող ուժերի՝ «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության վարկանիշի անկման, հավանաբար նաև այդ ժամանակվա գործող Նախագահի աջակցության արդյունքում կուսակցությունն ունեցավ 22 պատգամավոր, իսկ Արթուր Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ նախագահ: Սակայն ինչն էր տարօրինակ՝ այդ 22-ից առնվազն 15-ը որևէ առնչություն չունեին քարոզվող գաղափարների ու ծրագրերի հետ, քանզի ներկայացնում էին գործարար հատվածը: Արթուր Բաղդասարյանը հաճախակի է նշում, որ 2006թ. իր դրսևորած համարձակության, «երկրի երկրորդ պաշտոնից ինքնակամ հրաժարվելու» արդյունքում իր վրա սկսեցին գործադրվել իշխանական հալածանքներ, ինչի հետևանքով 22 պատգամավորից խմբակցության շարքերում մնաց ընդամենը 9-ը: Սակայն հարց է ծագում՝ իսկ դու ինչու էիր ներգրավել նման մարդկանց, քաջ գիտենալով, որ փողատերերը որևէ կուսակցական կամ այլ դրոշ ու հավատարմություն վերջինիս չեն ճանաչում և կլքեն ցնցվող նավը առաջին իսկ հնարավորության դեպքում: Ի դեպ, առաջ անցնելով ասենք, որ, ինչպես երևում է, սա Բաղդասարյանի համար դաս չդարձավ և նույն պատմությունը կրկնվեց նաև այս տարի, երբ կոալիցիայից դուրս գալուց հետո կուսակցությունն ու խմբակցությունը լքեց պատգամավոր Կարեն Բոթոյանը:
Շատ ավելի հետաքրքիր է ՕԵԿ-ական նախարարների պատմությունը: Մի ուշագրավ փաստ՝ 2003թ. ընտրությունների արդյունքներով ձևավորված Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում 4 տարվա ընթացքում կադրային փոփոխություններ տեղի ունեցան բացառապես ՕԵԿ-ական նախարարների մասով, ավելին՝ դա ուղեկցվում էր նաև սկանդալներով: Նախ քաղաքաշինության նախարար Արա Արամյանի՝ վերջինիս որդու կողմից զենքի կիրառմամբ պայմանավորված հրաժարականից հետո փոխարինեց Արամ Հարությունյանը (ով, ի դեպ, 2006թ. ևս հեռացավ կուսակցության շարքերից), ապա սկսվեց մշակույթի նախարարների փոփոխությունների շքերթը: Իսկ անկեղծության ռեկորդը սահմանեց կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը՝ հայտարարելով, որ «չի կարող լինել ընդդիմադիր», այնինչ յուրաքանչյուր ոք, մուտք գործելով քաղաքական գործունեության ասպարեզ, պիտի պատրաստ լինի ընդդիմադրի կարգավիճակում հայտնվելու: Ու կրկին «խոսենք փաստերով»՝ պատմության ընթացքում ՕԵԿ-ի առաջադրմամբ նախարար նշանակված և կուսակցության անդամ հանդիսացած 12 նախարարներից 10 կամ 11-ը այսօր կուսակցության շարքերում չեն: Ավելին՝ կուսակցությունը երկու անգամ իշխանությունից անցել է ընդդիմադիր դաշտ, և երկու դեպքում էլ տվյալ պահին ՕԵԿ քվոտայով նախարար հանդիսացած կուսակցական նախարարները լքել են այն՝ նախընտրելով նախարարի տաքուկ աթոռը: Ու այս ամենն ապացուցում է մեկ հստակ բան՝ սա կուսակցություն չէ բառի դասական իմաստով, այլ սոսկ կառույց, որին անդամակցում են ոչ թե քաղաքական գործունեությամբ զբաղվելու և ի շահ պետության և ժողովրդի ծրագրեր իրականանցելու, այլ պարզապես որևէ պաշտոն ձեռք գցելու և դրանով սեփական նյութական վիճակը բարելավելու համար:
Իսկ ավելի վատ է այն, որ կուսակցության առաջնորդը ոչ միայն չի կանխում նմանատիպ դրսևորումները, այլև ինքն է տուրք տալիս դրանց:
Եվ սա դեռ ամենը չէ: Թեման շարունակելի է:
Իսկ քանի դեռ այդպես է՝ ՕԵԿ-ը դասական իմաստով կուսակցություն չի դառնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1455113558087917&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել