Սենյակը` արվեստանոցը, լուսավորված էր բուխարու թրթռացող,վայրենի ու կրքոտ լույսով:
Կրակը կարծես աֆրիկյան բնիկներին հատուկ մի պար էր պարում` ճարճատյունով ու խայտալով:
Հատակին արջի մորթի էր գցված`գորշ արջի, որ յուրահատուկ տեսք էր տալիս պատից կախված բազմաթիվ կտավներին:
Սենյակի աջ կողմում աստիճաններն են, որ տանում են ննջարան:
Կնոջ գլուխը տղամարդու ձախ ուսին է,բայց կարծես իրեն զգացնել չի տալիս:
Տղամարդը մտազբաղ ծխում է:
- Էլի ոչ մի նկար չվաճառվեց,ես քեզ խոսք էի տվել տանել ծով,չի ստացվում:
Նելլ,միգուցե քո բացատրություններն են վատ, որ նկարները չեն վաճառվում:
Ծխախոտի մոխիրն ընկավ անկողնուն:
Կինը ձայն չհանեց,անիմաստ համարելով ամեն օր կրկնելու նույնը:
- Կարեն, միգուցե Իմ նկարը վաճառենք,- զգույշ շշնջաց կինը ձեռքով շոյելով տղամարդու մազոտ կուրծքը:
- Ոչ մի դեպքում,դա Իմն է,իմ երազանքը,դա քո մարմինն է,դա դու ես և երբեք չի դառնա ուրիշի աչքերի սեփականությունը:Դու ի՞նչ է ուզում ես ցնդե՞մ:
- Բայց ծովը քեզ է անհրաժեշտ, բայց հիշու՞մ ես ինչ ասաց բժիշկը:
Քեզ միայն ծովի օդը կբուժի:Իսկ նկարը հետո նորից կնկարես:
- Կնոջ հիմարությունը սահմաններ չունի:
Հրեց կնոջ ձեռքը,վեր կացավ անկողնուց ու իջավ արվեստանոց:
Արվեստանոցին կից սենյակում պատերի տակ շարված են նկարներ,ավարտված,կիսատ,փչացրած…
Փնտրեց,գտավ սպիտակ սավանով փաթաթած մի նկար:
Բերեց բուխարու մոտ,բացեց սավանը: 
Սավանը հեշտ տեղի տվեց,բայց դժվարությամբ անջատվեց նկարից:

* * *
Դեռ անցած տարի էր երբ հերթական անհաջող ցուցահանդեսից հետո նոր ընդունված նկարների գիդը` Նելլին, գիշերը մնաց նրա մոտ:
Անհաջող անցած օրը լցվեց նրանով:
Ստացավ այն ինչ չէր ստացել իր ապրած ողջ տարիների ընթացքում:
Գիշերը քունը չէր տանում,երջանկությունից էր թե՞ …չգիտեր:
- Դու միշտ կքնես այդպես, լա՞վ, լրիվ մերկ:
- Դու գիժ ես,- ծիծաղեց Նելլին:
Հետո իջան արվեստանոց,Նելլին բազկաթոռին մերկ նստած շամպայն էր խմում:
Շամպայնի մեջ վեր ու վար էին անում շոկոլադի մանր կտորներ:
Ոտքը գցել էր ոտքին,ոտքի մատներով բռնել էր մի պոչը կարճ կարմիր վարդ:
Ոտքը`ծնկից ներքև վեր ու վար էր անում,համահունչ շամպայնի մեջ գցած շոկոլադի մանր կտորներին: 
Տեսարանը խենթ էր:
Նելլին կարծես դա զգաց ու արձակուրդ տված ամոթխածությանը վերջնական հրաժեշտ տվածի նման, վեր կացավ ու պառկեց արջի մորթու վրա:
- Նկարիր:

* * *
Նկարում արջի մորթու վրա շողշողում էին լույսի նրբերանգ, ֆոկուսից դուրս ճառագայթները, ու կարծես դա լույսի ու ավազահատիկներով հագեցած քամու պար էր:
Լույսի բղավոց,քամու չկամեցողություն:
Նելլիի մերկ մարմնի ամեն մի հատված պատմում էր, թե ինչպես է անփորձ մարմինը հմուտ ձեռքերում վերափոխվել ցանկությունների,զգացմունքների ու կրքի մի փոթորկի:
Նկարի կիսամթի մեջ մեջ նույնիսկ կույր աչքը կտարբերեր ոտքերի արանքում տեղավորված ամոթույքի եռանկյան մազափնջի կարծես թեթև թրթռոցը:
Կիսափակ աչքերում մաքուր սիրո արտացոլումն էր լուսախաղերի տեսքով: 
Քրտինքի մի թափանցիկ կաթիլ էր ձախ կրծքի վրա:
Կրծքերի հպարտ կանգնած, հրավիրող գլխիկները, իրենց մուգ գույնով միաձուլվում էին արջի մորթու գույնին, ստեղծելով մի պատկեր, որից անհնար էր հայացքը կամավոր հեռացնել:
Շուրթերը կիսաբաց պատմում էին սրտի ու կրքի անիմաստ ճակատամարտը,որտեղ հաղթողներ չեն լինում կամ հաղթում է երրորդ կողմը`Սերը:
Նկարի անվանումն էր “Գտնված ավազահատիկը”:

- Ես սա կյանքում չեմ վաճառի,-նորից փաթաթեց սավանով և վերադարձրեց տեղը:

* * *
Բարձրացավ վերև:Նելլին քնած էր:
Զգույշ մտավ անկողին,ձեռքը դրեց նրա կրծքին,ինչպես սովոր էր քնելու ու փորձեց քնել:
Զնգաց հեռախոսը:
Մինչև հասավ լիցքավորման դրած ու մոռացած հեռախոսին,Նելլին արթնացավ:
- Լսում եմ, ո՞վ,հա՞,Աբո,ասա ի՞նչ է եղել,այս ժամի՞ն…ո՞վ…լուրջ ես ասու՞մ..լավ եղավ,մաղարիչ ունես,եթե ստացվի:
Նելիի հարցական հայացքը չէր կտրվում նրանից:
- Ի՞նչ,ո՞վ էր:
- Նախկին կնոջս եղբայրը` Աբոն`քաղաքապետարանից:
- Հետո՞:
- Ասաց, որ վաղը նոր քաղաքապետը կնոջ հետ գալու է, ինչ որ պաշտոնյայի ծննդյան են հրավիրված,երևի նախագահի, ուզում են նկար ձեռք բերեն:
- Սա ճակատագիր է Կարեն, ոչ բոլոր նկարների տակ կա քո ազգանունը, հարկավոր է գրել և ինչքան արագ այնքան լավ:
- Գիշերվա տասներկուսն է,դու ինչ է գժվե՞լ ես,ի՞նչ կապ ունի գրված ազգանունը:
- Դու չես հասկանում,քնիր ես կգրեմ,մոռացե՞լ ես, որ ես էլ եմ նկարիչ:
- Միևնույն է ոչինչ չի ստացվի,թող այդ անշնորհակալ գործը:
Նելլին արդեն մերկ մարմնի վրա էր գցում գիշերանոցը:
- Դու քնիր:

* * *
Առավոտյան երբ Կարենն իջավ արվեստանոց,Նելլին գիշերանոցով քնած էր արջի մորթու վրա,մատները յուղաներկոտ,վրձինը բուխարու մոտ ընկած:
Նայեց պատի նկարներին:
Բոլոր նկարների տակ յուղաներկով գրված էր “Կ.Վահունի”:
Նախկին կնոջ դիմանկարը պատից հանված դրված էր հատակին,հենված պատին,առանց մակագրության:
Պատի դատարկ մեխը կարծես կրկնում էր նախկին կնոջ խոսքերը.
<Դու անհաջողակ ես,իմ դժբախտության պատճառը,փինաչի նկարիչ,գոնե եղբորիցս`Աբոյից սովորիր փող աշխատել,հասարակ բաժնի վարիչ է,բայց ինչպես է հագնվում կինը>:

* * *
Նոր քաղաքապետը քառասունին մոտ մի տղամարդ էր,կինն ավելի երիտասարդ:
Եկել էին չորս հոգով այդ թվում և Աբոն:
Հերթով անցնում էին կախված նկարների մոտով:
Գլուխները թեքում աջ,ձախ,լուրջ հասկացողների նման տարուբերում:
Շամպայնի բաժակները ձեռքով բռնած նայում էին նկարներին,լսում Նելիի բացատրությունը,նկարների անվանումները:
Կարծես դուր էին գալիս նկարները,բայց պարզ զգացվում էր քաղաքապետի կնոջ ավանգարդ ու որոշիչ դերը:
Երբ ավարտվեց դիտումը,քաղաքապետի կինը թեքվեց ու կիսաձայն Նելիին ասաց:
- Ես ինչ որ արտառոց բան եմ ուզում,Էքստրավագանտ, հասկանու՞մ ես սիրելիս:
Այնպիսի մի բան, որ ցնցի բոլորին: 
- Միթե՞ ոչինչ չընտրեցիք,այսքան նկարների մեջ:
- Սրանցից բոլորի տներում էլ կան,սրեդնյակ են:
- Լավ,տիկին ես հիմա մի նկար էլ ցույց կտամ:Նկարը Հունգարիայում կայանալիք մրցույթի համար է,- ստեց Նելլին,- ձեզ նման հյուրերին…հուսամ կհասկանաք ինձ:
Նելլին անսխալ հասկացել էր դիմացինի քաղքենիության աստիճանը և…
Նելլին անցավ ու կողքի փոքրիկ սենյակից բերեց սպիտակ սավանով փաթաթված մի նկար:
Կարենի ձեռքը դողաց:
- Այդ նկարը չի վաճառում,դա իմ…
- Այդպիսի բան կա՞, որ չվաճառվի,- քաղաքապետը ձեռքն ընկերաբար դրեց Կարենի ուսին:
- Դուք,արվեստագետներդ վատ բիզնեսմեններ եք:
Կարենի ձեռքից ընկավ բաժակը:
Նելլին հանգիստ բացեց սավանը,նայեց նկարին ու կախեց Կարենի կնոջ նկարի տեղը`ազատ մեխից:
Նկարից Կարենին էր նայում Նելիի այլանդակված մարմինը:
Աչքերի տեղը կծիկ դարձած վառ գույնի օձեր էին,մարմինը տձևի հասցրած գծերով կարծես մի հին դարչնագույն տակառ լիներ,ձախ կուրծքը աջից մեծ… ոտքերի արանքում տեղավորված ամոթույքի մազափունջը չգիտես ինչու քառակուսի:Կրծքի վրա սև գույնի քրտինքի կաթիլ:
- Մոգակա~ն է,-շշնջաց քաղաքապետի կինը,- սա իմ ուզածն է:
Կարենը չէր կարողանում խոսել,ուղեղը մթագնած,ձեռքերը դողալով փորձ արեց մոտենալ Նելլիին,խեղդել սեփական ձեռքերով… 
- Նելլի սիրելիս, դու ինձ որոշ բաներ բացատրիր,որ կարողանամ ես էլ բացատրել,դե գիտես չէ, սա նվեր է լինելու մի բարձրաշխարհիկ կնոջ:Ինձ այս նկարի արվեստի լեզուն է պետք:

Քաղաքապետի առաջարկով տղամարդիկ քաշվեցին քիչ հեռու:
- Ի՞նչ է այդ նկարի գինը:
Նկարիչը կորցրել էր խոսելու ընդունակությունը:
- Սա հազար դոլլարի մոտ գործ է,-մեջ ընկավ Աբոն,- Կարեն, ի՞նչ ես լռում:
- Ես դա չեմ կարող վաճառել,- մի կերպ արտասանեց նկարիչը, - դա գին չուներ,հիմա չգիտեմ:
- Նարեկ,վերցնում ենք,հաստատ,որոշված է,- հեռվից ասաց քաղաքապետի կինը:
- Լավ, մի թանկացրու,մենք էլ ենք արվեստից հասկանում,տալիս եմ երեք հազար ու վերջ:

Կողքից լսվում էր Քաղաքապետի կնոջ հարցերը և Նելիի կիսաձայն բացատրությունը:
Կանանց թվում էր, թե իրենց չեն լսում:
- Ուշադիր նայեք կնոջ աչքերին,որոնք մատնանշում են,թե նկարիչը որ կողմ է թեքում դիտողի հայացքը դեպի մառախլապատ մարգարտահովիտները թե դարչնագույն հարթավայրի բարդիները:
- Ինչո՞ւ է մի կուրծքը մեծ մյուսից,ձախը..
- Տիկին ձեր ամուսինը ձախլիկ է՞: 
- Ոչ:
- Դե ուրե՞մն…
- Մոգակա~ն է:Ի՞սկ այս քրտինքի կաթիլը…
- Դա աչքերից ծորած թախծոտ արցունքի կաթիլն է, որ սահելով այտերի վրայուվ իջել և կախվել է շրթունքի ծայրից,հասկանու՞մ եք,փոխաբերությունը կրծքերի և շրթունքների:
Նելլին հնարում էր առանց կանգառի,համոզիչ ու հաստատուն ձայնով…
- Մարմինը տակառի….
- Այո տիկին,ես շատ արագ կարողացա ընբռնել ձեր արվեստին մոտ լինելը,դուք ճիշտ եք,դա Դիոգենիսի տակառն է:
- Ես էլ հենց դա էի ուզում ասել:
- Նայեք կնոջ պորտին, դա Դիոգենիս աչքն է,Դիոգենիսի, որը բռունցքները սեղմած ներսից նայում է աշխարհին:

Կնոջ խորամանկությունը մարդկային հիմարության նման սահմաններ չունի:
Կարենի ոտքերը Նելիի անհեթեթությունների տարափից ծալվում էին:
Մոտեցավ իր նկարին: Նելլին, նկարի կնոջ պորտին ձեռք չէր տվել ի՞նչ աչքի մասին էր խոսում,չհասկացավ:
Որտեղ են մառախլապատ մարգարտահովիտները,որտեղ են դարչնագույն հարթավայրի բարդիները`չէր հասկանում:

- Մոգակա~ն է:Ի՞սկ այս …
Մատը ցույց տվեց նկարում կնոջ ոտքերը միացնող տեղը:
- Ինչու՞ քառակուսի…
- Ես գիտեմ, որ հասկացել եք տիկին,բայց ուզում եք ճշտել,այդպես չէ ՞:
- Օ,այո իհարկե, ես ուզում եմ արվեստի լեզվով լսել:
- Նկարչի պատկերացմամբ կնոջ մարմինը դրախտն է,իսկ դա քառակուսի է, որովհետև խորհրդանշում է աշխարհի չորս կողմերում պաշտամունք դարձած դրախտի նախամուտքը…
- Մոգակա~ն է,ի՞սկ նկարի անունը..
- “Դրախտի նախամուտքը”,- վայրկյանական հնարեց Նելլին: 
- Այդպես էլ գիտե~ի,- ասաց քաղաքապետի կինը և մտածեց,
<Նկարը այդ գեղացուն չեմ նվիրի,ի՞նչ պետք է հասկանա Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղի դպրոցն ավարտածը,թող իմ տանը կախված լինի>:

* * *
Հյուրերի գնալուց հետո Կարենը ձեռքի եղած 3000 դոլլարը գցեց սեղանին ու առանց խոսքի,անտրամադիր բարձրացավ ննջասենյակ:
Նելլին մոտեցավ,այդ գումարի վրա ավելացրեց քաղաքապետի կնոջ կողմից ծածուկ իր ձեռքը դրած երեք հատ հարյուր դոլլարանոց թղթադրամները:Ժպտաց:
<Նեղացած է,ավելի լավ է վաղը կխոսեմ> - Նելլին մոտեցավ գետնին դրված Կարենի նախկին կնոջ նկարին:
<Սա կարելի է Մանեի <Օլիմպիայի> փոքրիկ սեվ կատու վերափոխել:Քաղաքապետի տանը նկարը տեսնելուց հետո նախագահի կինը անպայման կայցելի մեզ,դե իսկ ես իրեն լեզվով խոսել գիտեմ արդեն>:
Հիշեց քաղաքապետի խոսքերը <Դուք,արվեստագետներդ վատ բիզնեսմեններ եք>
Շուռ տվեց նկարը,հետևի մասում կապույտ մարկերով գրեց`8500 $:

* * *
Սենյակը`արվեստանոցը, լուսավորված էր բուխարու մարող,հանդարտ մահացող լույսով:
Սենյակի աջ կողմում աստիճաններն են, որ տանում են ննջարան:
Մեջքով իրար պառկած ձևացնում են թե քնած են:
<Ինչու՞ այլանդակեցիր իմ երազանքը,դա իմ ամենօրյա աղոթքն էր,իմ թափառական մուսան:
Ինչու՞:
Չէ՞ որ ես քեզ վստահում էի:>
<Քեզ ծովի օդն է հարկավոր սիրելիս,իսկ այդ քաղքենիները թող գրողի ծոցը կորչեն իրենց դրախտի նախամուտքերով,
դու ինձ շատ ես պետք,
շա~տ>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել