Մանուկներին պետք է մկրտել, որովհետև առանց մկրտության չկա քրիստոնեական կյանք, չկա Հաղորդություն Քրիստոսի Մարմնի ու Արյան խորհրդի հետ: Եթե ոմանք ասում են, թե Մկրտությունը գիտակցաբար պիտի լինի հասուն տարիքում, ապա ես կարող եմ հարցնել ի՞նչ է նշանակում «գիտակցաբար»-ը, մեր մեջ կա՞ մեկը, որ կարող է ասել, թե ինքը կատարելապես գիտակցում է, թե ինչպես իր մեղքերը քավվեցին, թե ինչպես որդեգրվեց Աստծուն կամ թե ինչպես դարձավ Քրիստոսին ժառանգակից... խիստ կասկածում եմ... որքան էլ ուզում ես գիտակցիր, քո մարդկային գիտակցությանն անհասանելի է այս ամենը, առաջին հերթին մենք հավատում ենք այս ամենին: Ուրեմն եթե մենք նույնիսկ կատարելապես չենք կարող գիտակցել, ինչո՞ւ չմկրտենք փոքրիկներին, ովքեր իրենց անձնական մաքրության, սրբության շնորհիվ մեզանից ավելի լավ են ճանաչում Տիրոջն ու հավատում, վստահում նրան: Բայց մեկն էլ կարող է ասել, թե չէ՞ որ պետք է ապաշխարել մկրտվելու համար: Ես կասեմ այո, ճշմարիտ է, բայց դա մեծահասակների համար: Փոքրիկը, որ բացի ադամական մեղքից ուրիշ ոչ մի զանցանք չունի, ինչո՞ւ ապաշխարի կամ ինչի՞ համար: Փոխարենն ավելի լավ չէ՞ փոքրիկներին մկրտել ու վաղ տարիքից կրթել, դաստիարակել հոգևոր արժեքներով, որ հետո նույնիսկ ապաշխարելու (դարձի գալու իմաստով) կարիք էլ չզգացվի, այլ միայն իր տարիքի հետ առաջ եկող գիտակցական մեղքերի համար զղջա ու ապաշխարության շրջանի մեջ մտնի երբեմն: Մեկ ուրիշն էլ կարող է ասել իսկ ո՞ւր կորավ ազատությունը, չէ՞ որ երեխան պիտի ինքը որոշի: Սրա համար էլ կարող եմ ասել, որ երբ մեր փոքրիկները հիվանդանում են, մենք չենք հարցնում արդյոք դեղ կուզի, թե՞ ոչ կամ չենք թողնում, որ մեծանան ու իրենք որոշեն, իսկ եթե՞ հանկարծ, Աստված մի արաացէ, չհասցնեն: Եվ ի վերջո, միշտ էլ գալիս եմ այն համոզմանը, որ եթե ծնողի համար Մկրտությունը փրկության միակ ճշմարիտ ճանապարհն է, ուրեմն իր մոտ անհնար է, որ հարց առաջանա, մկրտել երեխային, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել