Այսօր ասուլիսում, անդրադառնալով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպմանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ բարելավում չի ակնկալում:
Այսօր նույն թեմային անդրադարձել է նաև Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Համոզված եմ, որ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում»:
Փաստն այնքանով է հետաքրքիր, որ ՀՀ ՊՆ նախարարն ու էքս ԱԱԽ քարտուղարը Ռուսաստանի դերակատարության հարցում ունեն տարաբևեռ դիրքորոշումներ:
Թե Սեյրան Օհանյանին և թե Արթուր Բաղդասարյանին նման հարցերում ոչ ադեկվատ համարել չենք կարող, քանի որ ՊՆ նախարարը այժմ, իսկ Արթուր Բաղդասարյանը նախորդ 6 տարիներին ի պաշտոնե ներգրավված են եղել բանակաշինության և ՌԴ հետ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության գործընթացներում: Ու նրանք շատ լավ գիտեն, թե նույն Ռուսաստանը ինչ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:
Պետք է ընդգծեմ նաև այն, որ Ադրբեջանը նման հանդիպումներից առաջ, նույնիսկ ընթացքում և հետո էլ մշտապես լարվածություն է ստեղծում սահմանին՝ փորձելով ազդել միջազգային հանրության վրա: Դա ազերիների ձեռագիրն է:
Ու այս օրերին հետաքրքիր երկփեղկվածություն է նկատվում հասարակության շրջանակում: Մի մասը երկու երկրների նախագահների հանդիպումից դրական ակնկալիք ունի, մյուս մասը ոչ: Եվ սա շատ բնական և օրինաչափ է:
Սակայն բոլորովին ուրիշ խնդիր է դառնում այն, որ նույն հասարակության, կամ քաղաքական շրջանակներում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության հետ կապված նույնպես տարաբևեռ ակնկալիքներ ու տեսակետներ է կարծրանում:
Ինչև: Հանդիպումը սարերի հետևում չէ: Եվ նախագահների հանդիպումից հետո, կարծում եմ, ինչպես ժողովուրդն է ասում՝ շատ «ջրեր կզուլալեն»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=315549378622567&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել