1in.am-ը գրում է.
Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմի դեպքում Վրաստանն անպայման ներգրավված կլինի իրադարձությունների մեջ: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«Ադրբեջանական բանակը զենքի առումով լավագույններից մեկն է աշխարհում, ուստի լայնամասշտաբ պատերազմ կլինի: Եթե հիշենք նախորդ շրջանը, Վրաստանը ներգրավված էր այդ պատերազմում»,- հայտարարել է Արեշիձեն:
Նրա խոսքով՝ երկիրը ստիպված կլինի երկու կողմից էլ փախստականների ընդունել:
«Չի կարելի բացառել նաև, որ երկու կողմն էլ ուզենան դիվերսիոն ակտեր իրականացնել Վրաստանի տարածքում:
Ադրբեջանցիները դեմ են Հայաստան գնացող գազատարին, իսկ հայերը դեմ են այն էներգակիրների միջանցքին, որն Ադրբեջանից անցնում է Վրաստանի տարածքով: Ընդհանրապես, հնարավոր են նաև այլ բնույթի ակտիվություններ:
Չպետք է մոռանալ, որ մենք շրջաններ ունենք, որտեղ ապրում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ, ուստի տեղային հակամարտություններ ևս հնարավոր են: Ինչն ամենից կարևոր է՝ այդ պատերազմի դեպքում տարածաշրջանի տնտեսական ակտիվության վրա խաչ կքաշվի:
Վրաստանն անուղղակիորեն կամ ուղղակիորեն կներգրավվի հակամարտության մեջ, իշխանության համար դժվար կլինի որևէ բան անել: Միայն հնարավոր է միջնորդի դեր կատարել: Կարևորը՝ պարզել, թե ում էր ձեռնտու այդ հակամարտության սրումը, ինչը կպարզվի մի քանի օրից»,- ասել է նա:



