Medialab.am-ը գրում է.
Արցախ-Ադրբեջան-ՀՀ շփման գծերի կամ ընդհանրապես սահմանային գոտիների վրա արձանագրվող հրադադարի խախտումները թեւակոխել են նոր փուլ։ Թվում է, որ խոսքը խախտումների հերթական բնույթի մասին չէ, որքան նախապատերազմական իրավիճակի ստեղծման փորձի` Ադրբեջանի կողմից։
Որոշ առումով ներքին սպառման, շատ ավելի համոզիչ`տարածաշրջանում արձանագրվող իրադրությունների ընդհանուր մթնոլորտից մեկնած, համենայնդեպս, Բաքուն համարձակ քայլեր է առնում ստեղծելու համար նախապատերազմական իրավիճակի ընդհանուր մթնոլորտ։ Հայկական կողմից կան ոչ միայն համարժեք պատասխաններ, այլ ավելին, համարժեքից անդին, պատժիչ գործողություններ, խիստ հակահարվածներ, սպանված ադրբեջանցի զինվորների բազմապատկվող թվեր։
Ի՞նչն է տակավին, որ հակառակ հետախուզական ներթափանցման բոլոր գործողությունների ձախողմանը, հակառակ դիրքերի կորստին եւ հակառակ սպանվածների թվի աճին, Բաքուն շարունակում է ռազմական այս վարքագիծը։ Որքան էլ, թե՜ իր հասարակության եւ թե՜ միջազգային հանրության համար, ադրբեջանական քարոզչամեքենան խեղաթյուրված ներկայացնի պատահարները, այնուամենայնիվ իր ձեռնարկած գործողությունների անարդյունավետությունն ու սպանված զինվորների աճող թվերը կարող են բումերանգի ազդեցություն ունենալ ներադրբեջանական շրջանակներում։ Ուրեմն`դարձյալ հանկերգվող հարցումը. ինչո՞ւ է ադրբեջանական գործողությունների այս թափը։
Արդեն պաշտոնականացած է, որ օգոտսոսի 8-ին կամ 9-ին, երկարատեւ ընդմիջումից հետո տեղի կունենա նախագահներ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ Հանդիպման նախօրեին գերլարված իրավիճակի կամ ուղղակի նախապատերազմական իրավիճակի ստեղծումը առաջադրանք է. գուցե ոչ զուտ ադրբեջանական առաջադրանք։
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պաշտոնական հայտարարությունները ստեղծված իրավիճակի մասին համընկման բաժիններ ունեն իհարկե։ Այս օրինաչափությունը պետք է հարգվի, որովհետեւ երկուսը Ֆրանսիայի հետ միասին, ստանձնել են միջնորդական առաքելություն արցախյան հակամարտության բանակցություններում։ Ակնկալելի էր, որ երկուսի հայտարարություններում բացակայեր կողմի վերագրումը եւ ընդգծվեր մտահոգված լինելու փաստն ու ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։
ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության այս բաժինը որոշ դիտարժան նշանակություն կարող է ունենալ. «Պատասխան գործողությունները և բռնության աճը ավելի են դժվարացնում խաղաղ կարգավորման հաստատումը»։ Վաշինգտոնի այս տրամաբանությամբ, եթե պատասխան գործողություններ կան, ուրեմն նախահարձակ գործողություններ պետք է եղած լինեն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը իրազեկ է, թե ո՞վ է նախահարձակը եւ ո՞վ է պատասխանողը։ Բայց առանց նախահարձակ կողմը քննադատելու պատասխանող կողմի վրա պատասխանատվություն բարդելը թե` դժվարացնում է խաղաղ կարգավորման հաստատումը, առնվազն մտածելու տեղիք է տալիս, քաղաքական հետաքրքիր այս տրամաբանության մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ