Media.am-ը գրում է.

Երեւանի N135 դպրոցում կենսաբանության դասերին աշակերները հաճախ ֆիլմեր են դիտում: Կենսաբանության եւ բնագիտության ուսուցչուհի Գայանե Հովսեփյանը մասնակցել է «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագրի վերապատրաստումներին եւ հիմա մեթոդաբանությունը կիրառում է իր դասերին. թեմայի շուրջ վավերագրական ֆիլմ են դիտում, քննարկում, խաղեր ու վարժություններ անցկացնում: 

«Վավերագրական ֆիլմերի միջոցով դասերի ուսուցումը արդյունավետ է ու հետաքրքիր: Երեխաները ոգեւորվում են, ամեն մեկը փորձում է իր կարծիքը ավելի հիմնավոր ներկայացնել, համոզել մյուսներին: Այս ֆիլմերը գիտելիքը զգայարանների միջոցով են հասցնում երեխաներին եւ այն դարձնում են ավելի պրակտիկ ու կիրառական»,- ասում է Գայանե Հովսեփյանը:

«Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագրի մեթոդաբանությունը կիրառվում է հայաստանյան մոտ 80 դպրոցներում: Չեխական «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, օգտագործելով «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների թեմայով ամենահայտնի կինոփառատոնի ֆիլմերը, ստեղծել է «Մեկ աշխարհը դպրոցում» ծրագիրը, որը նպատակ ունի դասապրոցեսը դարձնել ավելի հետաքրքիր,  ինչպես նաեւ խթանել քննարկումներն ու բանավեճերը, ձեւավորել քննադատական մտածողություն եւ բարձրացնել պատանիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների մասին: 

«Մեկ աշխարհը դպրոցում» նախաձեռնությունն առաջինը կիրառվել է Չեխիայի հանրապետությունում` 12 տարի առաջ եւ այսօր արդեն կիառվում է ավելի քան 12 երկրներում։ 

2012 թվականից Հայաստանում ծրագիրն իրականցնում է կազմակերպության տեղական ներկայացուցչությունը Եվրոպական միության եւ Չեխիայի զարգացման գործակալության աջակցությամբ:
 
«Այս ծրագրով փորձում ենք նպաստել մի նոր մշակույթի ձեւավորմանը՝ վավերագրական ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու, այդ միջոցով կրթելու եւ խթանելու երիտասարդներին ազատ արտահայտելու իրենց կարծիքներն ու տեսակետները ֆիլմերին հաջորդող քննարկումների ժամանակ»,- ասում է «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում. CAUCADOC» ծրագրի ղեկավար Վարդուհի Դադունցը:
 
Հայաստանի Հանրապետությունում ծրագիրն իրականացվում է Կոտայքի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում: 2012-2013թթ.-ի ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից վերապատրաստվել են 80 դպրոցների 250 ուսուցիչներ: Նրանց տրամադրվել է ինտերակտիվ կրթական գործիքակազմ՝ տեսասկավառակ, որը ներառում է ութ ֆիլմեր եւ վեց սոցիալական հոլովակներ, ինչպես նաեւ ուսումնական ձեռնարկ ուսուցչի համար, որը երաշխավորվել է Կրթության եւ գիտության նախարարության կողմից` որպես ուսումնաօժանդակ գրականություն: Արդեն ավելի քան 3600 աշակերտներ մասնակցել են այս մեթոդով անցկացված դասերի, եւ շատ դպրոցներում դա գործնական քայլերի է բերել:

Օրինակ՝ Աբովյանի թիվ 7 դպրոցի աշակերտները «SOS Սևան» բնապահպանական ֆիլմի դիտումից հետո սկսել են խնայել խմելու ջուրը. ծնողները փաստել են, որ երեխաները հետևում են նաև ընտանիքի անդամների կողմից ջրի օգտագործմանը: Իսկ Արարատի դպրոցականները համայնքի ղեկավարությունից պահանջել են աղբամաններ տեղադրել դպրոցի տարածքում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել