«Նոր ալիք» երաժշտական մրցույթի ժյուրիի նախագահ, երգահան Իգոր Կրուտոյը հուլիսի 29-ին հրավիրեց ասուլիս, որում նշեց, որ չի ցանկանում տեղափոխել փառատոնը Լատվիայից, սակայն իր համբերությունն անսահման չէ: Ըստ նրա, արդեն Ռուսաստանի տարբեր սուբյեկտների տասը նահանգապետեր դիմել են իրեն՝ առաջարկելով փառատոնն անցկացնել իրենց մոտ, սակայն նա դեռևս այդ առաջարկները դեռևս չի քննարկում: Նա նշեց, որ ավելին էր սպասում Հայաստանը, Ղազախստանը և Ռուսաստանը ներկայացնող մասնակիցներից: Հավանաբար, կամ նրանք հուզված էին, կամ լավագույն երգացանկը չէին ընտրել: Միևնույն ժամանակ, քիչ չեն նաև դժգոհությունները: Մասնավորապես, տեղի ռուսալեզու լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց չեն հավատարմագրում, իսկ տոմսերը չափից ավելի թանկ են: «Կազմակերպիչներն անում են հնարավորինս, որ նույնիսկ ռուսալեզու մամուլը բացասական գնահատական տա փառատոնին», - նշում են նրանք: Դրանով հանդերձ, լատվիացի փորձագետ Անդրեյ Կոզլովը գտնում է, որ Լատվիան և Յուրմալան փառատոնից առանձնապես չեն շահում, քանի որ «հանդիսատեսները հիմնականում ռուսաստանցիներ են, ովքեր բնակվում են ռուսաստանցիներին պատկանող հյուրանոցներում և սնվում նրանց պատկանող ռեստորաններում: Ուստի, Կրուտոյը իրականում մտահոգված է իր համերկրացիների մասին»: Իր հերթին, լատվիացի պատգամավոր Իմանտս Պարադնիեկսը հայտարարել է, որ այդ փառատոնն ամենևին էլ այն չէ, ինչի կարիքն ունի Յուրմալան: «Եթե այնտեղ անգամ պետք է հանդես գան ռուսաստանցի արտիստներ, ապա միայն նրանք, ովքեր Կրեմլի քաղաքականությանը չեն սատարում, և երեք արտիստների ներառումը «սև ցուցակում» ուշացած էր, սակայն սա միայն առաջին քայլն է», -նշել է նա: Այսպիսով, ակնհայտ է, որ փառատոնը հետզհետե սկսում է վերածվել քաղաքական և տնտեսական շահերի բախման և հաշիվներ մաքրելու ասպարեզի: Մինչդեռ միշտ ասում են, որ արվեստը քաղաքականությունից ու ֆինանսներից դուրս է ու վեր է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=340467926118122&id=100004647524817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել