Ըստ «Ռոյթեր» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մյուս չորս պետությունների ղեկավարների հետ երկուշաբթի կայացած հեռախոսազրույցների արդյունքների հիման վրա հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և ԱՄՆ-ն պատրաստ են կոշտացնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: «Հինգ պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառելու մտադրությունը», - ասվում է հուլիսի 29-ին Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Ընդ որում, Օլանդը, Մերկելը, Քեմերոնը, Օբաման և Ռենցին պատրաստակամություն են հայտնել պահպանել կապը Ռուսաստանի կառավարության հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակն այս կապակցությամբ հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել անջատողականներին և նրանց ցուցաբերում է գործնական աջակցություն: Ըստ նրա, միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանի վրա ցուցաբերի ավելի լուրջ ճնշում, իսկ եվրոպացի դիվանագետները պետք է հնարավորինս արագ «համաձայնեցնեն ոլորտային պատժամիջոցների լուրջ փաթեթը»:
Երկուշաբթի կայացած երեքժամյա բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել են 12 անձանց և 3 կազմակերպությունների (ներառյալ՝ Խնայբանկի և ՎՏԲ բանկի) ցանկը, որոնք կհամալրեն արդեն իսկ գործող 87 անձանց և 20 կազմակերպությունների թիվը, որոնց նկատմամբ արդեն իսկ կիրառվում են պատժամիջոցներ և որոնց ակտիվները պետք է սառեցվեն:
Պատժամիջոցները կվերաբերեն նաև այն տնտեսվարողներին, ովքեր աջակցում են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը կամ շահույթ են ստանում դրանից: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի ֆինանսական համակարգին, զենքի առևտրին, երկակի նշանակության ապրանքներին և նորարարություններին նավթագազային ոլորտում:
Ըստ որոշ վերլուծաբանների՝ Ռուսաստանը այդ պատժամիջոցների արդյունքում այս տարի կկրի 23 մլրդ եվրոյի վնաս, մինչդեռ ԵՄ-ը՝ 40 մլրդ եվրոյի:
Գուցե՞ հենց այդ է պատճառը, որ Եվրոպան, ի տարբերություն ԱՄՆ-ի, այնքան էլ պատրաստակամ չէ պատժամիջոցների հարցում....
Թեման շարունակելի է....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1451842218415051&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել