«Արդյո՞ք Հայաստանը Ասիա է: Եվ ի՞նչ է Ասիան: Ա՞ր աշխարհում է գտնվում Նարեկացին, ի՞նչ մշակույթ է Հռիփսիմեի տաճարը, որտեղի՞ց են սկիզբ առնում Չարենցի, Սարյանի, Արշիլ Գորկու, Ազնավուրի գեղագիտական ակունքները... Սայաթ Նովա, Նահապետ Քուչակ, Հովնաթանյաններ, քոչարի... Եվ վերջապես՝ «Սասնա Ծռեր» ու Կոմիտաս: Ժամանակ էր պետք, և պե՛տք , որպեսզի մենք մեր տեղը հստակ որոշենք: Ների՛ր ինձ՝ շատ քիչ իմացողիս, որ թույլ եմ տալու մեր տեղն ու տեսակը, գոնե ինձ համար սահմանել: Մենք ոչ եվրոպացի ենք, ոչ էլ՝ ասիացի: Մենք մե՛նք ենք, բացառիկ մի տեսակ՝ և՛ լավով, և՛ վատով... Մեր այդ առանձնահատուկ տեսակն է, որ տառապեցնում է այսքան երկար ժամանակ, և այդ նույն տեսակն է, որ պահում է մեզ այսքան երկար ժամանակ... Պարադոքսը մեր մեջ է, որը հանճարներ է ծնում, և որն ամեն ինչ անում է, որ երկիրը չկայանա: Մեր առանձնահատուկ տեսակը կերևա աշխարհի վրա, երբ չենք ընկնի Եվրոպայի կամ Ասիայի դռները... Բազմիցս կրկնված, գռեհիկ ու սենտիմենտալ «ա՜խ» եմ ուզում քաշել, թե ի՛նչ տեղ ու համարում կունենար իմ ազգը հողագնդի վրա, եթե այդ փոքր բանը, որ Պետություն է առաջացնում, գործնական միաձայնություն է կազմակերպում, այդ ճակատագրական հարցականը, անտրամաբան կնճիռը մի անկյուն գտներ մեր պարադոքսի մեջ: Ասածս ցինիկներին ուտոպիա կարող է թվալ, բայց առանձնահատկությունն ինքնին ասվածարյալ է, և համը չհանենք այնքան, որ Գոյարարը վերջնականապես թիկունք դարձնի մեզ...»
Աղասի Այվազյան