Գազայի հատվածում վերսկսված ռազմական գործողությունները շարունակվում են: Իրավիճակին միջամտել է ՄԱԿ-ը, որը յոթնօրյա հրադադար հաստատելու կոչ է արել:
Ավելի վաղ Իսրայելն ընդունել էր ՄԱԿ-ի խնդրանքը 24 ժամով երկարաձգել շաբաթ օրը հայտարարված զինադադարը: Սակայն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պայմանը՝ պնդելով կրակի վերջնական դադարեցման և Գազայի շրջափակման վերացման իր պահանջները:
ՄԱԿ ներկայացուցիչ Ֆարհան Հակը այդ կապակցությամբ հայտնել է, որ «Վերջին հաշվով մենք հույս ունենք, որ կողմերը խելացի կվարվեն և նվազագույնը յոթօրյա հումանիտար զինադադար կկնքեն: Սա մեզ օգնություն տրամադրելու հնարավորություն կտա: Ի վերջո դա մարդկանց մտածելու ժամանակ կտա, թե ուր են մտադիր գնալ»:
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ գումարել է արտահերթ խորհրդակցություն, որի ընթացքում Իսրայելից և պաղեստինցի գրոհայիններից պահանջել է դադարեցնել դիմակայությունը մահմեդական Իդ ալ-Ֆիթր (Ուրազա բայրամ) տոնի ժամանակ:
Սակայն հուլիսի 27-ին հրադադարը խախտվել է՝ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը շարունակել են փոխադարձ հարձակումները՝ մեղադրելով իրար հրադադարի խախտման մեջ:
ՄԱԿ-ի բանաձևը հարուցել է Իսրայելի դժգոհությունը: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը իր դժգոհությունն է հայտնել Գազայի իրավիճակի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունից: «Մենք հենց նոր լսեցինք նախագահի հայտարարությունը որտեղ Անվտանգության Խորհուրդը հրաշքով խիզախեց չհիշատակել ՀԱՄԱՍ-ին կամ իր քաղաքացիներին պաշտպանելու Իսրայելի իրավունքը», - պարզաբանեց ներկայացուցիչը:
Սակայն հիասթափված է նաև պաղեստինյան կողմը: ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը ևս իր հիասթափությունն է հայտնել որոշումից, քանզի չի ընդունվել Իսրայելին իր զորքերը Գազայի հատվածից դուրս բերելուն պարտադրող բանաձև: «Մենք կշարունակենք թակել Անվտանգության խորհրդի դռները, որպեսզի ՄԱԿ-ը պատասխանատվություն ցուցաբերի: Ընդունելի չէ, որ Անվտանգության խորհուրդը դանդաղի կամ գործի այնպես, կարծես թե դա փոքր հարց է», - ընդգծել է դիվանագետը:
Իսկ այդ ընթացքում երկու կողմերից էլ շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=339942489503999&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել