Ըստ РИА-Новости գործակալության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրադրությունը կքննարկի Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ: Այդ մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: Հանդիպման թեմայի մանրամասները չեն բացահայտվում: Սպասվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև դրանց համաձայնեցումը: Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և ԱՄՆ-ն հայտարարում են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանի դեմ կկիրառեն նոր պատժամիջոցներ: «Հինգ պետությունների և կառավարությունների ղեկավարները ներկայումս հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը», - ասվում է երկուշաբթի Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ հինգ պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները Մոսկվայի հետ: Պատժամիջոցների կիրառումը պատճառաբանվում է նրանով, որ Մոսկվան Ուկրաինայում աշխարհազորայինների վրա հարկ եղած ազդեցությունը չի գործադրել, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության ուղղությամբ պատշաճ միջոցներ չի ձեռնարկել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուս-ուկրաինական սահամանի մշտադիտարկում անցկացնելու նպատակով «Դոնեցկ» և «Գուկովո» սահմանային անցակետերում սպասում է ԵԱՀԿ դիտորդների այցին: Հնգյակին է միացել նաև Ճապոնիան: Ըստ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգայի՝ Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նույն պատճառաբանությամբ: Նոր պատժամիջոցները ենթադրում են մասնավոր անձանց ու կազմակերպությունների հաշիվների սառեցում, ինչպես նաև Ղրիմից ներկրվող ապրանքների արգելք: Այսպիսով, իրականանում է այն կանխատեսումը, ըստ որի՝ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Մի կողմից արևմտյան երկրները չեն կարող տեղի ունեցող գործընթացները թողնել անհետևանք, քանզի դա կնշանակի լքել սեփական դաշնակիցներին և զանց առնել իրենց կողմից գովազդվող «արժեքները», մյուս կողմից՝ չեն կարող նաև մեծ ագրեսիվություն դրսևորել, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը ևս իրենց շահերից չի բխում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1451402251792381&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել