Cosmo.am-ը գրում է.

Ընկերոջդ հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ սպառեք ձեր բանկային հաշիվների ողջ գումարը:

Պարզիր` երբ է հաջորդ շոուն

Ընտրիր, ասենք, որևէ հինգշաբթի երեկո՝ ակումբում հումորային շոու դիտելու համար: Ամռանն ակումբներում ցածր գներով նման շոուներ հաճախ են կազմակերպվում:

Սուզվիր ջրի հատակը

Հրաշալի տրամադրություն կարող է հաղորդել լողազգեստով ողջ օրը միասին անցկացնելը: Չունե՞ս անձնական լողավազան։ Հոգ չէ. հյուրանոցները սովորաբար նման ծառայություններ առաջարկում են: Մի քանի զանգ, և ժամանցն ապահովված է։ Մնում է սլանալ այնտեղ:

Թեթև կինոնկար փնտրիր

Կրքոտ գիշերներին կինոթատրոններում ուղեղը տեղեկություններով ծանրաբեռնելը լավ միտք չէ: Որևէ անիմաստ բլոկբաստերի փոխարեն փորձիր ընտրել թեթև ֆիլմ` հարուստ սեքսուալ տեսարաններով, այնպես, որ արդեն կեսից երկուսդ էլ անհամբեր սպասեք ֆիլմի ավարտին... Նման ֆիլմ կարող է լինել, ասենք, «Կոկո Շանելն ու Իգոր Ստրավինսկին»: Այն ֆրանսիական նորաձևության դիզայների ու ռուս կոմպոզիտորի հարաբերությունների մասին պատմող ժապավեն է:

Լուսնին դիմավորելիս

Շենքի տանիքին լուսնին դիմավորելն արտակարգ գաղափար է: Չմոռանաս ծածկոց վերցնել ու նաև մի քիչ գինի` անհրաժեշտ տրամադրություն ապահովելու համար:

Միասին կարուսել գնացեք

Գտիր ձեր թաղամասին մոտ որևէ հարմար ու հաճելի զվարճավայր, հագիր ջինսե կարճ տաբատ ու ընկերոջդ հետ ուղևորվիր այնտեղ: Խենթ արկածները խենթ զգացողություններ են առաջացնում:

Վերագտիր մանկությունդ

Սեփական այգու ցնցուղի տակ վազվզելը կարող է հիմար արարք թվալ, բայց միևնույն ժամանակ անասելի սեքսուալ լինել, հատկապես երբ ընկերոջդ հետ ես ու կիսամերկ: Գնիր ցնցուղ (այն հաստատ թանկ չէ), ամրացրու այն այգու ցանկապատից ու կանչիր նրան դուրս` խաղալու:

Ընթրիք գողտրիկ միջավայրում

Մայթերին տեղակայված սրճարաններ կարելի է հաճախել նաև անցորդներին հետևելու համար: Սակայն բացօթյա գողտրիկ վայրերը ռոմանտիկ միջավայրի համար ավելի հարմար են: Ուսումնասիրությունների համաձայն՝ շատ ռեստորաններ հիմա բացօթյա սեղաններ են առաջարկում: Փորփրիր ինտերնետը` հարմար տարբերակ գտնելու համար:

Ծլկիր աշխատանքից՝ հանուն պաղպաղակի

Եթե երկուսդ էլ ամռանն առավոտից մինչև երեկո աշխատում եք, ողբերգության պատճառ չէ: Օրվա կեսին հաջողացրու հանդիպում կազմակերպել` միասին պաղպաղակ ուտելու համար: Երկու պաղպաղակ վերցրու, ու գնացեք մոտակա կանաչ գոտի, պառկեք խոտերի մեջ, լիցքաթափվեք... ու համբուրվեք՝ մոռանալով, որ պաղպաղակները հալչում են: Քանի դեռ միասին եք, օգտվիր առիթից՝ գտնելով տարածքում մշտապես գործող պաղպաղակի վաճառքի կետեր...

Արևն իր հետ լավատեսություն է բերում

Ապացուցվել է, որ ջերմ եղանակն ու պայծառ արևը տրամադրություն են բարձրացնում, նպաստում են հիշողության պահպանմանը և ավելի կառուցողական մտքերի ի հայտ գալուն: Դրական արդյունք ստանալու համար պետք է առնվազն 30 րոպե արևի տակ անցկացնել: Ուրեմն, արագ քսիր արևապաշտպան քսուք և գնա զբոսայգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել