«Թեւանիկը» նայել էի ամիսներ առաջ, ու քանի որ լավն էր, դրա մասին գրել էի ստատուսներումս: «Ոսկե Ծիրանի» ամենավերջին՝ կիրակի օրը, երբ որ Կինոմոսկվայի մի դահլիճից մյուսը տեղափոխվելով բոլոր մրցանակակիր ֆիլմերն էի նայում, էկրանին նորից գրվեց՝ «Թեւանիկ»: Անկեղծ ասած՝ լարվեցի մի քիչ, քանի որ երկրորդ անգամ նայվելու փորձությանը շատ քիչ ֆիլմեր են դիմանում: Բայց «Թեւանիկը» դուրս եկավ էդ փորձությունից՝ նորից լավն էր: Հետո տուն եկա ու ֆեյսբուքում վեճերի մեջ ընկա «Թեւանիկի» պատճառով: Ծանոթներիցս ահագին մարդու դուր չէր եկել: Ու շշմելուն էն ա, որ ասում են «սուտ ֆիլմ ա»: Ինչո՞ւ են ասում: Ուզում եմ հասկանալ: Անպայման ուզում եմ հասկանալ, որովհետեւ դրա մեջ խնդիր կա:
«Թեւանիկը» պարզ ֆիլմ ա, նորարար-փորձարարական կինոլեզու չունի, որ ասեմ՝ նոր ա, չեն ընկալում: Խնդիրը ոնց որ թե ուրիշ տեղ ա: Պատմության մեջ, որ պատմվում ա: Ղարաբաղյան պատերազմը: Մարդիկ, որ անցան պատերազմի միջով ու հաղթեցին: Պարզ մարդիկ: Մի քիչ միամիտ, մի քիչ կոպիտ: Ով որ հեռանալու էր՝ թողնում-գնում ա: Ով որ գալու էր՝ հեռվից գալիս ա օգնության: Ու լինում ա հաղթանակ: Դարեր ձգվող անվերջ պարտություններից հետո լինում ա հաղթանակ: «Թեւանիկը» հենց էդ մասին ա պատմում՝ հաղթանակի, որ եղավ: Պարզ մարդկանց, որ բերեցին հաղթանակը: Երեւի իսկապես դժվար հավատալի մի բան կա նրա մեջ, որ էսքան պարզ բան ա հաղթանակը: Էնքան պարզ, որ թվում ա անիրական: Եղել ա, բայց ոնց որ չի եղել: «Սուտ ա»:
Արվեստն ընդհանրապես ավելի շատ պարտության մասին ա լինում, քան հաղթանակի: Արժեքներ դիմակազերծելը շատ ավելի հեշտ ա, քան արժեքներ վերահաստատելը: Եթե համեմատենք, օրինակ, «Ոսկե Ծիրան»-ի Հայկական համայնապատկերի առաջին մրցանակը շահած «Թեւանիկը» «Ոսկե Ծիրան»-ի Միջազգային մրցույթի առաջին մրցանակը շահած ուկրաինական «Ցեղը» ֆիլմի հետ, առաջինը, որ պատմություն ա պարզ ու քաջ մարդկանց մասին, կարող ա համեստ թվա երկրորդի կողքին, որ մարդկային դաժանության ու ստորության ապոֆեոզ ա փորձում ներկայացնի: Բայց առաջինի համար ավելի մեծ քաջություն ա պետք, քան երկրորդի: Ազնիվ ու քաջ մարդ պատկերելը բոլոր ժամանակների արվեստում եղել ա ամենաբարդ խնդիրը: Ազնիվ մարդը արվեստում սովորաբար կամ թեքվում ա դեպի ծիծաղելին ու դառնում դոնկիխոտ, կամ էլ ինչ-որ հատուկ հերոսական գաղափարախոսություն ա հագնում՝ որպես հենակ, որ իրան պահի: «Թեւանիկում» ոչ առաջինը կա, ոչ երկրորդը: Պարզ գյուղացի տղա ա Թեւանիկը, մի քիչ կոպիտ ու ոչ սիրունիկ: Վերջում հստակ պարզ չի ինչ ա լինում Թեւանիկի հետ՝ ինքն ա խփում, թե իրան են խփում: Բայց եթե անգամ իրան են խփում, մեկ ա՝ իրանն ա հաղթանակը, որովհետեւ պարզ երեւում ա, որ Թեւանիկը բացառություն չի այլ տեսակ: Ֆիլմում, իհարկե, մարդկային ուրիշ տեսակն էլ կա՝ էն վախկոտ ու ողորմելի վարսավիրը, որ քանի դեռ վտանգը մեծ չէր, գյուղ հարս եկած ադրբեջանցի կնոջ պատուհանի ապակիները ջարդելով էր զբաղված, իսկ հենց վտանգը մեծացավ, թողեց ու փախավ: Բայց էդ տեսակը հենց հեռացող տեսակն ա, մնացողը մնում ա ու հաղթում:
Շատերը քննադատում են ֆիլմի եզրափակիչ տեսարանը, երբ որ հրամանատարը զոհվում ա ձորում, իսկ Թեւանիկը մենակ ա մնում դիպուկահարի հետ, որը երբ շորերը հանում ա որ լողանա, պարզվում ա՝ կին էր: Գուցե իսկապես՝ էդ տեսարանում մի քիչ շատ ա «կինոն»: Բայց մյուս կողմից էլ՝ էդ տեսարանը բավական ճշգրիտ սիմվոլացնում ա Ղարաբաղյան պատերազմի մի շատ կարեւոր կողմը, թե ոնց պատերազմը իջավ մարդկանց ուսերին, որոնք զինվոր չէին, պատերազմի պատրաստված չէին, բայց հասունացան ահավոր արագ, ոնց որ մեր էպոսն ա ասում՝ օրով ու ժամով, հենց որ պատերազմը, դիպուկահարի փրչոտ-այլանդակ հագուստը հագած, անսպասելի հայտնվեց իրանց առաջ: Մի մասը զոհվեց, ոնց որ երեւի Թեւանիկը, մյուս մասն ինքը սպանեց դիմացինին, ոնց որ գուցե Թեւանիկը, եւ միասին հաղթեցին պատերազմը:
Ինձ թվում ա պատահական չի, որ «Թեւանիկում» թուրքը չկա (ավելի ճիշտ՝ կան միայն գյուղ հարս եկած ադրբեջանուհին եւ էդ կնոջ հայրը, որ հայտնվում ա մի պահ, բայց սրանք պատերազմի թիրախը չեն, այլ զոհը): Որովհետեւ ֆիլմը ոչ էնքան թուրքին հաղթելու մասին ա, որքան հաղթելու մասին՝ ինքնին: Մարդկանց մասին ա, որոնք կարողանում են հաղթել: Առանց հաղթանակի չկա արժանապատվություն, հանրային հաղթանակը հանրային արժանապատվության հիմնաքարն ա: Եթե էսօր Հայաստանում հանրային արժանապատվության պակաս ա զգացվում, էդ նրանից ա, որ մենք մինչեւ հիմա հարկ եղածին պես չենք արժեւորել սեփական հաղթանակը՝ որպես հիմնաքար, որի վրա կանգնած ա Հայաստանի Հանրապետությունը: Կա դեռ ավելի ահավորը՝ ոմանց գիտակցության մեջ ղարաբաղյան հաղթանակը հակադրվում ա Հայաստանի ապագային, եւ էդ հակադրումը հենց էն փակուղին ա, որը մեզ թույլ չի տալիս շարժվել առաջ: Մենք էս տարածաշրջանի միակ երկիրն ենք, որ Սովետական Միության փլուզումից հետո գրանցել ենք հաղթանակ: Քանի դեռ չենք արժեւորել ինքներս մեր արածը, երբեք չենք կարողանա շարունակել էդ հաղթանակը եւ կառուցել էն հպարտ Հայաստանը, որում բոլորս ուզում ենք ապրել: